Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գնահատելով 2012-ին տեղի ունեցած առավել կարևոր իրադարձությունը, նշեց, որ պետք է զանազանել թվաբանական աճը և որակական աճի բացակայությունը: Այսինքն՝ թվաբանական աճը աճ է, որակական չափանիշների լավացումը զարգացում է:
«Մեզ մոտ կա աճ, չկա զարգացում: Պարզ տրամաբանություն է. եթե մենք նայենք բոլոր տնտեսական մակրոցուցանիշները, մենք այսպես թե այնպես կտեսնենք ինչ-որ դրական և ոչ դրական միտումներ, բայց որակական իմաստով տարբերություն չենք տեսնում:
Խոսքը թե՛ ներկրման կառուցվածքի, թե՛ արտահանման կառուցվածքի, թե՛ բյուջեի ծախսային և եկամտային մասի կառուցվածքի մասին է, և այսպես շարունակ»,- ասաց Մեսրոբյանը:
Ըստ նրա՝ «պետք է հաշվի առնենք, որ եթե հիմք ենք վերցնում այն հեռանկարային թե ծրագրային դրույթները, որոնք այսպես թե այնպես հրապարակվել են թե՛ Աժ-ում, թե՛ այստեղ, նույնպես ես չեմ սպասում կառուցվածքով որակական աճ»:
Հ.Մեսրոբյանը փաստեց, որ այս թվաբանական աճի պայմաններում չհաջողվեց լուծել կարևորագույն խնդիրը՝ աղքատության զգալի կրճատում:










































