Armtimes.com-ը գրում է. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնած Հակոբ Բեգլարյանի հայտարարագիրը: Հ. Բեգլարյանը տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրամանագրով քաղշիննախարարի տեղակալ է նշանակվել օգոստոսի 9-ին:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Բեգլարյանի դրամական միջոցները կազմում են 30 միլիոն դրամ, 80 հազար դոլար եւ 70 հազար եվրո: Հայտարարագրում նշված է նաեւ, որ նորանշանակ փոխնախարարը 18 միլիոն 52 հազար 500 դրամի չափով ներդրում ունի՝ բաժնետոմս: Բեգլարյանին է պատկանում երկու ավտոմեքենա՝ «BMW X5» եւ «LEXUS LS» մակնիշների: Հայտարարագրի «Անշարժ գույք» բաժնում Հակոբ Բեգլարյանը նշել է 4 ոչ բնակելի տարածք բազմաբնակարան շենքում, երկու բնակարան եւ երկու հողամաս, ինչպես նաեւ հողին ամրակայված մեկ այլ անշարժ գույք:
Հակոբ Բեգլարյանը, չնայած մինչեւ նախարարի տեղակալի պաշտոն ստանալը երկու տարի աշխատանք չի ունեցել, այնուամենայնիվ, առանց մշտական եկամտի աղբյուրի չի մնացել: Հայտնի է, որ նա շինանյութի բիզնես ունի: Հայտարարագրում որպես բարձրաստիճան պաշտոնատար անձի եկամուտ նշված է վարձակալությամբ տրված վեց տարածքներից ստացվող հասույթը, որի ընդհանուր գումարը կազմում է 772 հազար 500 դրամ:
Հակոբ Բեգլարյանը նախկինում՝ մինչեւ 2012 թվականը, զբաղեցնում էր Պետական գնումների գործակալության պետի պաշտոնը, որից ազատվել էր պետական միջոցները վատնելու համար: Վերահսկիչ պալատը պետգնումների ոլորտում 2007-08 թթ.-ին կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզել էր, որ Հակոբ Բեգլարյանը 230 միլիոն դրամի չափով չհիմնավորված ծախս է կատարել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում









































