2008 թվականից աշխարհի ամենահարուստ երկրներում աղքատության եզրին հայտնված երեխաների թիվն ավելացել է 2.6 միլիոնով և հասել 76.5 միլիոնի: Այս մասին պարզ է դառնում ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Իննոչենտի» հետազոտական կենտրոնի զեկույցից՝ փոխանցում է «Վզգլյադը»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի կայքի փաստաթղթում ներկայացվել են տվյալներ 41 երկրներում ապրող երեխաների կյանքի մասին: Այդ երկրների շարքում կան Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ինչպես նաև Եվրամիության անդամ պետություններ: Զեկույցն իր մեջ ներառում է տվյալներ Gallup World Poll հարցումից՝ մարդկանց կողմից տնտեսական կարգավիճակի ընկալման, ինչպես նաև 2008-ի ռեցեսիայի սկզբից ապագայի նկատմամբ նրանց հույսերի վերաբերյալ:
Ինչպես պարզ է դառնում զեկույցից, մի շարք երկրներում խթանման վաղեմի ծրագրերը եղել են արդյունավետ՝ աղքատությունից երեխաների պաշտպանության համար: Սակայն, ինչպես հայտնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ջեֆրի Օ՝Մելին, 2010 թվականինշատ զարգացած երկրներ, հատկապես Միջերկրածովյան շրջանում, բախվել են ընտանեկան եկամուտների պլանում հետադարձ շարժի, ինչը բացասաբար է անդրադարձել երեխաների վիճակի վրա:
Ճգնաժամի հետևանքով մանկական աղքատության մակարդակն աճել է 41 զարգացած երկրներից 23-ում և սկսել հատկապես նկատելի դառնալ Իռլանդիայում, Խորվաթիայում, Լատվիայում, Հունաստանում և Իսլանդիայում: Պատճառը զարգացած երկրների քաղաքականություններն են՝ ուղղված միջոցների կոշտ տնտեսմանը, այդ թվում՝ սոցիալական ծախսերի կրճատման հաշվին:









































