Մարդիկ հիմնականում թերահավատորեն են վերաբերվում ապագային: Եթե հավատանք ամերիկյան հետախուզության տվյալներին, գալիք տարում մեզ ոչ մի լավ բան չի սպասում: Սակայն ամեն ինչում հարկավոր է դրական կողմերը տեսնել: Die Welt-ի լագրողներն աշխարհի վրա «խաչ չքաշելու» պատճառների ցուցակ են կազմել:
Այո, 2013 թ. մարդկությանը չի հաջողվի հաղթահարել համամարդկային ամենացավոտ խնդիրներից մեկը՝ սովը: Նախկինի պես երկրագնդի մոտ 1,29 միլիարդ բնակիչներ ծայրահեղ աղքատ են: Սակայն այս իրավիճակը տարեցտարի բարելավվում է: Համաշխարհային բանկի ներկայացուցիչների տվյալներով՝ այս տարի հնարավոր եղավ հասնել մարդկության ամենակարևոր նպատակներից մեկին՝ աղքատության համաշխարհային ցուցանիշի կիսով չափ կրճատմանը:
Բացի դրանից, հենց 2012 թ. կարևոր քայլ արվեց գենդերային հավասարության հարցում. սոցիոլոգների կարծիքով՝ այժմ տարրական դպրոց հաճախող աղջիկների և տղաների թիվն ամբողջ աշխարհում հավասարվել է: Եվ չնայած Սիրիայում, Աֆղանստանում ու Եգիպտոսում տիրող անհանգիստ իրավիճակին՝ մարդիկ սկսել են ավելի քիչ պատերազմել, քան նախկինում: 1990 թ. հետ համեմատած՝ զինված հակամարտությունների թիվը, որոնց հետևանքով 1000-ից ավելի զոհ է լինում, երկու անգամով կրճատվել է և շարունակում է կրճատվել:
Մոլորակի վրա կյանքի միջին տևողությունը նույնպես երկարել է: Ընդ որում, ինչպես հարուստ, այնպես էլ՝ աղքատ երկրներում: Կյանքի միջին տևողությունը այս պահին 69,5 տարի է կազմում: Համաշխարհային ռեսուրսների արագ սպառման վտանգը, գերմանացի լրագրողների կարծիքով,նույնպես չափազանցված է: Բնական հարստությունը մոլորակի բնակիչներին կբավականացնի դեռ մի քանի հարյուրամյակներ: Die Welt-ի հեղինակները գրում են, որ այսպիսի «ուռճացված» խնդիրների շարքին է պատկանում նաև գլոբալ տաքացման խնդիրը: «Քչերին է հայտնի, որ վերջին 15 տարիների ընթացքում մեր մոլորակի ջերմաստիճանը չի փոփոխվել»,- տեղեկացնում են լրագրողները:







































