Չնայած եվրասիական երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությանը՝ Հայաստանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Ռուսաստանցի փորձագետների հավաստիացմամբ՝ Ռուսաստանը կփորձի լուծել սահմանի բացակայությանը հարցը՝ վերականգնելով Վրաստան-Աբխազիա երկաթուղային ճանապարհը: Օրերս այս մասին է խոսել նաև «Ռուսական երկաթուղիների» ղեկավար Վլադիմիր Յակունինը՝ նշելով, որ Ռուսաստանը միշտ հանդես է եկել Վրաստան-Աբխազիա երկաթուղային ճանապարհի վերականգնման օգտին, սակայն այդ խնդիրը բացառապես քաղաքական բնույթ ունի: Յակունինը նաև նշել է, որ ապագայում այդ ճանապարհին կարող է միանալ նաև Հայաստանը, «Ռուսական երկաթուղիներն» իր կողմից քննարկում է Աբխազիայով և Վրաստանով Հայաստանի հետ երթևեկությունը բացելու հարցը:
Դատելով Յակունինի անդրադարձից՝ կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը գուցե կուլիսային համաձայնություն է ձեռք բերել Վրաստանի հետ, սակայն Ռուսաստան-Վրաստան բանակցությունների Կարասին-Աբաշիձե ձևաչափով այս հարցը չի քննարկվել այլ քաղաքական հարցերի հետ միասին: Ամփոփելով հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպումը՝ ՌԴ փոխարտգործնարար Գրիգորի Կարասինը տեղեկացրել էր, որ Աբխազական երկաթուղու վերաբացման հարցում կողմերի դիրքորոշումները նախկինի նման տարբերվում են: «Մենք կարծում ենք, որ նման հարցերն անհրաժեշտ է լուծել ուղիղ Աբխազիայի ղեկավարության հետ, և եթե անհրաժեշտություն լինի, ապա մենք պատրաստ ենք մասնակցել այդ գործընթացին»,- ասել էր Կարասինը:
Աբխազիայի նորընտիր նախագահն, ըստ հայ համայնքի ներկայացուցիչների, ցանկություն է հայտնել կարգավորել այս հարցը, որի համար ժամանակ է անհրաժեշտ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն ասաց, որ Աբխազական երկաթուղու վերաշահագործումը ներկայումս Վրաստանի շահերից չի բխում: Իսկ եթե դա անհրաժեշտ է Հայաստանին, ապա, նրա համոզմամբ, պաշտոնական Թբիլիսին կարող է համաձայնել երկաթուղու այս հատվածի բացմանը միայն Ռուսաստանի զիջումների փոխարեն: Ցինցաձեի խոսքով՝ հիմքեր չկան պնդելու, որ մոտ ապագայում Կովկասյան երկաթուղու այդ հատվածը կվերաշահագործվի: «Ներկայումս երկաթուղու շահագործման վերաբերյալ Վրաստանի համաձայնությունը անհեռատես ու հիմար քայլ կլինի»,- ասաց վրաստանցի վերլուծաբանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Ռոնդելին ասաց, որ այս հարցում այսօր չկա կոնսենսուս, ու չկան հիմքեր կոնսենսուսի համար: Ըստ նրա՝ պայմաններ էլ չկան երկաթուղու այդ հատվածը վերականգնելու համար:
«Առաջին հերթին՝ Վրաստանը չունի անհրաժեշտություն վերականգնելու այն, իսկ եթե այն նույնիսկ տնտեսապես ձեռնտու լիներ Վրաստանի համար, քաղաքականապես հստակ չեն շատուշատ հարցեր և ոչ հօգուտ մեզ: Ուստի ոչ տնտեսապես, ոչ քաղաքականապես դա մեզ պետք չէ: Հաշվի առնելով մեր հարևանների շահերը՝ կարելի էր մտածել այդ մասին, սակայն կան քաղաքական այնպիսի գործոններ, որոնք հնարավոր չէ արհամարհել, և դա մեր հասարակությունը չի ընդունի: Ուստի ես կարծում եմ, որ այս փուլում քիչ հավանական է, որ դա հնարավոր է գլուխ բերել»,- մեկնաբանեց Ալեքսանդր Ռոնդելին:
Խոչընդոտող հարցերը, նրա խոսքով, վերաբերում են Աբխազիային, Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներին, միջազգային իրավունքին, որոնք թույլ չեն տա Վրաստանի կառավարությանը խիզախ կերպով ընթանալ այս ճանապարհով, քանի որ այդ քայլն առաջին հերթին կարժանանա հասարակության քննադատությանը:
Ռոնդելին չի բացառում, որ եղել են կուլիսային բանակցություններ և ինչ-որ համաձայնություն, բայց այս պահին չունի որևէ առիթ պնդելու, որ դա հնարավոր է մոտ ապագայում:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վրացագետ Ալիկ Էրոյանցն ասաց, որ ընդհանուր տարածաշրջանային զարգացումների՝ եվրասիական պրոյեկտների և Վրաստանի ասոցացման հետ կապված առաջացել են որոշակի խոչընդոտներ: Սրանք, վրացագետի համոզմամբ, ժամանակի ընթացքում հաղթահարելի կդառնան, պարզապես ներկայումս առկա զարգացումները հետին պլան են մղվել:
«Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում Վրաստանի դիրքորոշումը հաստատակամ է: Սա լուրջ խնդիր է իր համար։ Վրաստանը համարում է, որ Ռուսաստանն օկուպացրել է իր տարածքները, և այդ հարցերը շղթայական կապված են միմյանց հետ: Ներկա շրջափուլում բացառում եմ, որ Վրաստանը գնա զիջումների: Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը և դժվար թե գոնե ներկայումս հրաժարվի այդ մտքից, այնտեղ ունի դիվանագիտական ներկայացուցչություններ, ինքն է նպաստելու, որ այլ պետություններ ճանաչեն այդ միավորների անկախությունը: Այս հարցում մոտ ապագայում կոնսենսուսը քիչ հավանական եմ համարում, բայց ժամանակի ընթացքում այս խնդիրները հաղթահարելի կդառնան, և Հայաստանը ձեռք կբերի ընդհանուր սահման եվրասիական երկրների հետ»,- ասաց Ալիկ Էրոյանցը:








































