Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը անցած գիշեր Նյու Դելիի միջազգային օդանավակայում դիմավորել է Սինգապուրից ժամանած օդանավը, որը բերել էր հնդիկ ուսանողուհու մարմինը: Աղջիկը զոհվել էր խմբակային բռնաբարության հետևանքով: Դեպքը մեծ արձագանք էր առաջացրել Հնդկաստանի հասարակության մեջ: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:
23-ամյա աղջկան, որին հնդկական ԶԼՄ-ները կոչում են մտացածին անունով՝ Ամանատ, բռնաբարել ու ծեծել էին 6 հարբած տղամարդիկ: Դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 16-ին Նյու Դելիում՝ ավտոբուսի մեջ:
Դեպքի առիթով զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունենում երկրի տարբեր քաղաքներում: Ցուցարարները պահանջում են մահապատժի ենթարկել աղջկան բռնաբարողներին և կանանց բռնության դեմ պայքարի միջոցառումներ ընդունել:
Այն բանից հետո, երբ աղջկա վիճակը զգալիորեն վատացել էր, նրան օդանավով Հնդկաստանից տեղափոխել էին Սինգապուր: Աղջիկը երեք վիրահատության էր ենթարկվել, սակայն ստացած վնասվածքներն անհամատեղելի էին եղել կյանքի հետ: Աղջկա դագաղը օդանավակայանից տարել են 10 մեքենայի ուղեկցությամբ:
Շաբաթ օրը Հնդկաստանի ոստիկանությունը սպանության մեղադրանք է առաջադրել 6 տղամարդու: Նրանք ձերբակալված են: 5 ոստիկաններ, որոնք պարեկել են այդ շրջանում, հեռացվել են աշխատանքից: Դատավարությունը կսկսվի հունվարի 3-ին: Հանցագործներին մահապատիժ է սպասվում:





































