Մեծ Բրիտանիայի բնակիչներն այս տարի Սուրբ Ծնունդին ստացել են ավելի քան 3.4 մլրդ դոլարի անօգուտ նվեր: Այսպիսի տվյալներ է այսօր հրապարակել երկրում տարածված հայտարարությունների Gamtri ինտերնետ-կայքը՝ սոցհարցումների արդյունքների հիման վրա,- հայտնում է ITAR-TASS-ը:
Ամեն մեծահասակ բրիտանացի ստացել է միջինը 69 դոլար արժողությամբ նվեր, որն այդպես էլ չի իմացել՝ ինչպես օգտագործի: Ամենից հաճախ դուր չեն գալիս նվիրած հագուստները, զարդերը, արդուզարդի պարագաները, աքսեսուարները, հուշանվերները:
«Սայթսերվիս» բարեգործական կազմակերպության՝ վերջերս ԵՄ անդամ 10 երկրներում կատարած հարցման արդյունքներով՝ հարցվածների 31 տոկոսը դժգոհ է լինում, երբ արդուզարդի պարագաներ է նվեր ստանում:
Անհաջող նվերների ցուցակի երկրորդ տեղում հուշանվերներն են՝ 23 տոկոս:
Երրորդը շարֆերն են՝ 17 տոկոս, հետո՝ բրդե սվիտերները՝ 14 տոկոս, գրքերը՝ 13 տոկոս, շոկոլադը՝ 12 տոկոս, գուլպան՝ 11 տոկոս, հողաթափերն ու կոմպակտ-դիսկերը՝ 9 տոկոս:
Ամենաանհաջող նվերները նվիրում են, որպես կանոն, ընկերներն ու գործընկերները, սկեսուրներն ու զոքանչները:
Հարցումը պարզել է, որ հարցման մասնակիցների մեծ մասն անօգուտ նվերն ընդունում է առանց բողոքելու: Հարցվածների միայն 2 տոկոսն է պատրաստ անկեղծորեն խոստովանել, որ նվերն իրենց դուր չի եկել:
Հարցվածների մոտ 20 տոկոսը փորձում է վերանվիրել իր ստացած անօգուտ նվերը, իսկ ամեն հինգերորդն այն պարզապես թողնում է մի անկյունում: Ըստ վիճակագրության՝ ամեն հինգերորդ ամանորյա նվեր ստացածը նվերից ազատվում է երկու ամսվա ընթացքում:
Հարցումն անցկացվել է համացանցի միջոցով, մասնակցել է 2,000 բրիտանացի:










































