Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Մոնտին հայտարարել է, որ իր պետությունը քաղաքական կյանքում լուրջ փոփոխությունների կարիք ունի: «Մենք միասին Իտալիայի տնտեսությունը փրկեցինք ճգնաժամից: Այժմ հարկավոր է զբաղվել քաղաքական համակարգի թարմացմամբ»,- գրել է Մոնտին՝ Twitter-ի իր էջում: «Կյանքից բողոքելու փոխարեն հարկավոր է ջանքեր գործադրել»,-ավելացրել է նա:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ չնայած պաշտոնից հեռանալու որոշմանը, Մոնտին մտադիր է մասնակցել Իտալիան տնտեսական ճգնաժամի հետևանքներից ազատելու աշխատանքներին: Ավելի վաղ նա համացանցում հրապարակել էր երկիրը ճգնաժամից դուրս բերելու իր ծրագիրը:
Նրա բարեփոխումները առաջարկում են ինչքան հնարավոր է շատ արտասահմանյան ներդրողների ներգրավում, կաշառակերության և հարկերից խուսափելու դեմ պայքար, երիտասարդների շրջանում գործազրկության վերացում: Ինչպես նաև ծրագրվում էր պետության կառավարման ավելի ճկուն քաղաքականություն անցկացնել և ավելի լավ ներկայացնել իտալական մշակութային արժեքները:
Մոնտին հարկատվության ընդհանուր մակարդակի նվազեցման և հարկային բեռը շարքային իտալացիներից երկրի ավելի հարուստ քաղաքացիների վրա տեղափոխման կողմնակից է։ Ընդ որում, նա առաջարկում է հասարակության միջին և աղքատ խավի առավելագույն պաշտպանություն:
Ենթադրվում է աշխատանքի շուկան կարգավորող կանոնների պարզեցում և երկարաժամկետ պայմանագրով աշխատողների համար «երկակի համակարգի» ստեղծում: Աշխատանքի շուկայում հարկային միջոցները պետք է աջակցեն կանանց և երիտասարդների աշխատանքի տեղավորմանը, ինչպես նաև 55 տարեկանից բարձր անձանց համար աշխատավայրի պահպանմանը:
Ավելի վաղ Մոնտին հայտարարել էր, որ 2013 թ. փետրվարին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո պատրաստ է կրկին ներկայացնել իր թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար, եթե ընտրություններում հաղթած քաղաքական ուժը վստահի իրեն: Սակայն հաղթանակի համար նրա շանսերը բարձր չեն, քանի որ նա ժողովրդականություն չի վայելում: Անգամ եթե նույնիսկ Մոնտին կրիկին վարչապետ չդառնա, նրա ծրագիրը կարող են վերցնել կառավարությունում նրա հետևորդները։ Այս մասին գրում է Интерфакс-ը:









































