Կիևը ծրագրում է կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող երկրի արևելյան մասի տարածքների ավերված ենթակառուցվածքի վերականգնման համար ներգրավել առնվազն 2 մլրդ դոլար: Այս մասին, ինչպես փոխանցում է «Ուկրինֆորմը», Վաշինգտոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Շլապակը:
«Ցավոք սրտի, այսօր կա երկու Դոնբաս: Եթե խոսենք տարածքի մասին, որը վերահսկում է Ուկրաինան, ապա նախնական գնահատականներով՝ դրա վերականգնման համար կպահանջվի մոտ 2 մլրդ դոլար: Մինչ դոնորական համաժողովը, որը մենք ծրագրում ենք անցկացնել դեկտեմբերին՝ Կիևում կամ Բրյուսելում, ուկրաինական կողմն արդեն կունենա նախագծային պատրաստվածություն»,- նշել է նախարարը:









































