«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստան-Գերմանիա գործարար համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Գերմանիայի Արտաքին տնտեսական գործունեության դաշնային գործակալության Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային մենեջեր Յենս Ուվե Շտրոբախը:
-Պարոն Շտրոբախ, գերմանացի ներդրողներին ինչո՞վ է հետաքրքիր Հայաստանը և Հայաստանի ներդրումային դաշտը: Վստահ եմ, մինչ Հայաստան ժամանելն ուսումնասիրել եք, և այդ պայմանները, ըստ Ձեզ, որքանո՞վ են շահավետ ներդրումների համար:
-Մենք բավականաչափ տեղեկատվություն արդեն ունենք և՛ ներդրումային դաշտի, և՛ ՀՀ տնտեսության մասին: Մենք արդեն ունենք հրապարակումներ ՀՀ-ում վարկային գործունեության մասին, ներդրումային դաշտի մասին: Ինչու ենք հետաքրքրված այս ամենով. շատ հեշտ է պատասխանել: Մենք ցանկանում ենք, որ գերմանական կազմակերպությունները գան, ներկա լինեն Հայաստանում, ներդրումներ կատարեն, և գերմանական կազմակերպությունների ներկայացուցչությունները այստեղ Հայաստանում ավելի ուժեղ լինեն: ՀՀ-ում, մասնավորապես, արդյունաբերությունը մեծ աջակցության կարիք ունի, որովհետև մենք գիտենք, որ 1990-ական թվականների մակարդակին է մնացել: Այստեղ ներդրումների մեծ կարիք կա, և խոսքը մեծ ծավալների մասին է: Արդյունաբերության մեջ ներդրումներով կարող ենք զարգացնել ՀՀ արդյունաբերական ոլորտը, որը, մեր կարծիքով, վատթար վիճակում է: Այդ ֆոնին ԵՏՄ անդամակցությունը մեզ համար հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ հետագայում բոլոր այն արտադրատեսակները, որոնք արտադրվում են ՀՀ-ում, պետք է ԵՏՄ միջոցով դուրս բերվեն, ուստի և՛ ՀՀ-ն, և՛ ԵՏՄ-ն մեծ հետաքրքրություն են ներկայացնում:
Մենք կնպաստենք տարբեր ոլորտներում աշխատատեղերի ստեղծմանը, իսկ ստեղծումը կնպաստի ՀՀ տնտեսության զարգացմանը: Մասնավորապես, այդպիսի աշխատատեղեր պետք է բացվեն թեթև արդյունաբերության մեջ, քիմիական արդյունաբերության մեջ, օրինակ՝ մեքենաշինության ոլորտում. ոչ թե ամբողջական մեքենաշինություն, այլ մեքենաշինության ոլորտի արդյունաբերություն ապահովող մասերի արտադրություն: Սա ևս կարող է էական նշանակություն ունենալ, քանի որ, ինչպես գիտենք, ՀՀ-ում թե՛ աշխատատեղերը, թե՛ աշխատուժն էժան կարող է լինել, քան եվրոպական տարածքում:
Ինչու ոչ, կարելի է խոսել նաև տուրիզմի մասին. դա կարող է զարկ տալ ՀՀ տուրիզմի զարգացմանը: Մի բան, սակայն, հստակ է, որ եթե արդյունաբերությունը զարգացած չլինի, մենք չենք կարող խոսել որևէ պետության տնտեսության զարգացման մասին, ուստի սկզբնապես մենք այն նպատակին ենք, որՀՀ-ում զարգացնենք արդյունաբերությունը, ինչը իր հերթին կնպաստի տնտեսության զարգացմանը:
-Դուք նշեցիք, որ ՀՀ-ն ստորագրել է ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը: Մենք գիտենք, որ Ասոցացման համաձայնագիրն անհամետեղելի է ԵՏՄ պայմանների հետ: Ձեզ հայտնի՞ է արդյոք, թե ինչ տնտեսական դաշտ է ենթադրում ԵՏՄ-ն:
-Մենք մի հրատարակություն ունենք, որը վերաբերում է այն բանին, թե Հայաստանի Հանրապետությունն ինչ օգուտներ կարող է քաղել ԵՏՄ անդամակցությունից հետո: Ինչպես տեսնում եք, մենք շատ արագ ենք աշխատում այդ ուղղությամբ: Մասնավորապես, Ռուսաստանի և ԱՊՀ բոլոր երկրների հետ Հայաստանի Հանրապետության կապը անխուսափելի է, դրա կարիքն ունի Հայաստանի Հանրապետությունը: Սա մենք դիտում ենք համագործակցության հնարավորությունների դաշտ ինչպես Արևելքի, այնպես էլ Արևմուտքի հետ: ԵՏՄ-ն կարող է կարևոր դերակատարություն ունենալ և օգնել ՀՀ-ին ապրանք արտահանելուն, որի համար անհրաժեշտ է լինելու նաև եվրոպական շուկան: ՀՀ-ն առավելություններ ունի եվրոպական շուկայում իր արտադրանքն արտահանելու համար: ԵՏՄ-ի միջոցով հույս ունենք, որ կկարողանանք Եվրասիական միություն-Գերմանիա հարաբերությունները սերտացնել, որի միջոցով տնտեսական հարաբերություններն ավելի կբարելավվեն:
-Այսինքն՝ Հայաստանը կամո՞ւրջ կարող է դառնալ երկու բևեռների միջև:
-Երկու ձևով էլ կարող ենք դիտարկել. Հայաստանը կարող է կամուրջ լինել ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև, և հակառակը՝ ԵՏՄ-ն կարող է կամուրջ դառնալ Հայաստանի և եվրոպական շուկայի միջև: Բացի դրանից՝ նշեմ, որ երկար տարիներ աշխատել եմ Ղազախստանում, Ղազախստանի անդամակցությունը ԵՏՄ-ին էական դերակատարություն ունեցավ Ղազախստանի տնտեսության մեջ, և Ղազախստանում զարգանում է ինքնաթիռաշինությունը: Այսինքն՝ Հայաստանի համար ևս կարող է դրական կողմ ունենալ և օգուտներ տալ: Դա հնարավարություն կտա Հայաստանին արտադրել ավելի շատ ապրանքներ, իսկ ԵՏՄ-ի միջոցով Հայաստանը կներկայանա եվրոպական շուկայում:








































