Այսօր Երևանում կայացավ Հայաստան-Գերմանիա գործարար համաժողովը՝ Զարգացման հայկական գործակալության և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության աջակցությամբ: Գերմանիայից ժամանել էին արդյունաբերության տարբեր ոլորտներ ներկայացնող գործարար պատվիրակություններ՝ լոգիստիկա, մեքենաշինություն, գյուղատնտեսություն, էլեկտրաէներգիա, հետազոտություն, սննդի վերամշակում:
Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Վահագն Լալայանը տեղեկացրեց, որ 2014թ. հունվար-օգոստոս ամիսների դրությամբ ՀՀ և Գերմանիայի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 294 401.1 հազար ԱՄՆ դոլար, գրանցվել է 128.8% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում՝ Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է 106 457.5 հազար ԱՄՆ դոլար, իսկ Գերմանիայից Հայաստան ներմուծումը՝ 187 943.6 հազար ԱՄՆ դոլար:
Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելն ասաց, որ պետք է աշխատել այս տվյալներն աճեցնելու ուղղությամբ: Գերմանացի գործարարները սկսեցին շփվել հայ համապատասխան ոլորտները ներկայացնող ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով իրենց արտադրանքը:
2014թ. 1-ին կիսամյակի ընթացքում Հայաստանից Գերմանիա է արտահանվել հիմնականում չզտված պղինձ, պղնձե անոդ էլ. զտման համար, երկաթամիահալվածք, մոլիբդեն և ապրանքներ մոլիբդենից, ներառյալ մնացորդները և ջարդոնը, կոստյում, անդրավարտիք, բաճկոն և այլն: Նույն ժամանակահատվածում Գերմանիայից Հայաստան է ներկրվել հիմնականում ավտոմեքենա մարդատար, դեղամիջոց՝ բաղկացած առանձին նյութերից, լարան արհեստական թելից, բեռնատար ավտոմեքենա և այլն:







































