«Գոլդեն Փելես Ծաղկաձոր» հյուրանոցում այսօր վաղ առավոտից մեկնարկել է «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» թեմայով երկրորդ միջազգային գիտագործնական համաժողովը:
Համաժողովին մասնակցում են ինչպես դատական ակտերի կատարողների միջազգային միության, այնպես էլ թվով 18 երկրների՝ Հայաստանի, Արցախի, Նիդերլանդների, Շվեդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Վրաստանի, Մոլդովայի, Հունաստանի, Չեխիայի, Սերբիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Սլովակիայի համապատասխան կառույցների պատվիրակությունները, որոնցից 15-ը ներկայացված են կառույցների առաջին դեմքերի մակարդակով:
Համաժողովի առաջին հատվածում, որը կրում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների նորամուծությունների կիրառումը հարկադիր կատարման գործընթացում, առաջընթաց և մարտահրավերներ» խորագիրը, ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը:
Նա ընդգծեց, որ կատարողական վարույթին առնչվող հիմնահարցերի շուրջ անցկացված տարբեր գիտագործնական համաժողովների փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ միջոցառումները փորձագիտական առանձնահատուկ հարթակ են ծառայում տարբեր երկրների համապատասխան ծառայությունների, միջազգային կառույցների և մասնագետների միջև տեղեկատվական փորձի փոխանակման, միջազգային համագործակցության ամրապնդման և զարգացման համար:
Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ շփման նմանատիպ ձևաչափերի անհրաժեշտությունը և կարևորությունը լրացուցիչ հիմնավորման կարիք չեն պահանջում: Նրա խոսքով՝ դրանք արդեն իսկ ապացուցել են իրենց նշանակությունը և արդյունավետությունը:
Նա համաժողովի մասնակիցներին հորդորեց ազատորեն բարձրաձայնել իրենց հուզող բոլոր հարցերն ու արտահայտել իրենց տեսակետները՝ կապված ինչպես համաժողովի թեմատիկ բնագավառների, այնպես էլ մյուս այն խնդիրների հետ, որոնք կարևոր և առաջնային են հարկադիր կատարման գործընթացի համար:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ով ևս կարևորեց համաժողովի անցկացումն ու իր գոհունակությունը հայտնեց այդ առնչությամբ:
Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետեն իր հերթին նշեց, որ շատ ուրախ է հյուրընկալվել «Ծաղիկների հովտում»՝ վայր, որտեղ «Օլիմպիական չեմպիոններն են մարզվում»:
Նա ընդգծեց, որ արդարադատությունը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ կատարվում և հարգվում են դատարանի որոշումները. «Որպես այդպիսին, Փինն ընդդեմ Ռումինիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է, որ առանց դատական կատարողի, առանց հարկադիր կատարումն ապահովող մարմնի, ցավոք սրտի, հայցը բավարարված տեսնելու հարցը հետաքրքրում է ոչ թե դատավորին, այլ քաղաքացուն»:
Նետենի խոսքերով՝ ընտրված թեման և այն ներկայացնելու տարբեր ձևերը ցույց կտան, թե որքանով է դատական կատարողի մասնագիտությունն իրազեկ, որ այն կարևոր նշանակություն ունի սոցիոլոգիական և տեխնոլոգիական զարգացումների կայուն ընթացքն ապահովող գործընթացներին աջակցելու և դրանք հնարավորինս վաղ կանխատեսելու հարցում:
Լեո Նետենի ելույթից հետո ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը Նետենին նվիրեց վերջինիս ծննդյան տարեթիվն ունեցող անվանական կոնյակ:








































