Ֆրանսիական երեք ավտոարտադրողներ յուրահատուկ կոնցեպտ-մեքենաների միջոցով Փարիզի ավտոսրահում ցուցադրել են ավտոարտադրության իրենց տեսլականը՝ գրում է korrespondent.net-ը:
Peugeot Quartz


Peugeot-ը ներկայացրել է Quartz մեքենայի կոնցեպտը՝ 23-դյույմանոց անիվային սկավառակներով և անկյունաձև դիզայնով: Մեքենան նախատեսված է չորս մարդու համար, որոնցից յուրաքանչյուրին առանձին նստելատեղ է տրամադրվում:
Ինտերիերը ավելի քան ֆուտուրիստական է: Մեքենայի սրահը կահավորված է «թվային տեքստիլով», որի ստեղծման համար կիրառվել է վերամշակված պլաստիկ:
Մեքենան հագեցած է 1.6 լիտրանոց տուրբո շարժիչով՝ 270 ձիաուժ հզորությամբ:
Դրանից բացի, այն ունի երկու էլեկտրաշարժիչներ, որոնց ընդհանուր հզորությունը 500 ձիաուժ է:
Venturi America


Մոնակոյում տեղակայված և բացառապես էլեկտրամեքենաների մեջ մասնագիտացած Venturi բրենդը ներկայացրել է սրահի ամենաէքստրավագանտ՝ America կոնցեպտը: Երկտեղ մեքենան հագեցած է 400 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով: Զրոյից մինչև 100կմ/ժ արագությունը մեքենան զարգացնում է 4.5 վայրկյանում:
Մարտկոցի լիարժեք լիցքավորման համար անհրաժեշտ է 3.5 ժամ: Մեքենան կշռում է 1525 կգ: Արտադրողը պլանավորում է թողարկել America-ի ընդամենը 25 օրինակ, որոնք 450-500 հազար դոլար կարժենան: Դրանց մատակարարումը կսկսվի արդեն հաջորդ տարի:
Renault EOLAB


Renault բրենդը ավտոսրահում ներկայացրել է EOLAB մինի-մեքենայի կոնցեպտը: Մեքենան հաճելիորեն զարմացնում է իր կոմպակտ չափերով, և բրենդի հայտարարության համաձայն՝ վառելիքի տնտեսման համար մեքենան ստեղծելիս տեխնիկական 100 նորարարություններ են կիրառվել:
Մեքենան կշռում է ընդամենը 955 կգ: Բենզինով աշխատող շարժիչն ունի 74 ձիաուժ հզորություն, որին ավելանում է էլեկտրաշարժիչի 67 ձիաուժ հզորությունը: Ներսում նույնպես ամեն ինչ ֆուտուրիստական ոճով է հարդարված:
Ապագայում Renault-ը պլանավորում է թողարկել մոդելների զանգվածային արտադրություն, որոնք մշակված կլինեն EOLAB-ի օրինակով:









































