Մայիսի 4-ին ՀՀԿ կազմակերպած նախընտրական միջոցառման ժամանակ փուչիկների բռնկման գործով մեկ տարվա ազատազրկման դատապարտված և այդ գործով միակ պատասխանատվության ենթարկված Սերոբ Բոզոյանը, ով, ինչպես «Առաջին լրատվական»-ը տեղեկացրել է, տառապում է միզապարկի քաղցկեղով, դեկտեմբերի 7-ին՝ Ֆանարջյանի անվան ազգային ուռուցքաբանական կենտրոնում ենթարկվել է վիրահատության: Նա այս պահին դեռ գտնվում է հիվանդանոցում և ցավեր ունի:
Սերոբ Բոզոյանը երեկ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպան Կարեն Մանուչարյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին տեղեկացրել է իր վիրահատության մասին, արդյունքում՝ դատական նիստը հետաձգվել է մինչև 2013թ. հունվարի 22-ը:
Մեզ հետ զրույցում Սերոբ Բոզոյանը նշեց, որ հիվանդանոցի ծախսերի դիմաց, ընդհանուր առմամբ, 74 հազար դրամի մուծում է կատարել, մոտ 90 հազար էլ հիմա պետք է վճարի, սակայն նշված գումարն այդպես էլ չի կարողանում վճարել, թեև առաջիկա երկու օրերի ընթացքում նրան դուրս կգրեն հիվանդանոցից, և հիմա չգիտի` ինչպես վճարեն պարտք մնացած 90.000 դրամը:
Վիրահատության արժեքն է 160.000 դրամ, մինչ այդ, սակայն, ասում էին, որ վիրահատությունը բավականին թանկ արժեր՝ 600.000 դրամ: Առջևում Ամանոր է, սակայն Սերոբ Բոզոյանը տրամադրություն չունի. նրան հիմա մեկ հարց է տանջում՝ ինչպես վճարել հիվանդանոցին պարտք մնացած գումարը:









































