Երեքշաբթի օրը քրդերի մասնակցությամբ տեղի ունեցած բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով 19 մարդ է զոհվել: Նման տվյալներ է հայտնում տեղի հեռուստատեսությունը` հստակեցնելով, որ մի քանի մարդ վերքերի պատճառով հիվանդանոցում են մահացել, գրում է TASS-ը:
Զոհերի առավելագույն թիվն արձանագրվել է Դիարբեքիրում: Այնտեղ 10 մարդ է զոհվել: Զոհեր են եղել նաև Սիիրթում, Մարդինում, Բաթմանում, Մուշում և Վանում: Հարավարևելյան որոշ գավառներում շարունակվում է պարեկային ժամը, և մինչև երկուշաբթի փակ են դպրոցները:
Դիարբեքիրի փողոցներում ռազմական ոստիկաններ են հերթապահում: Քաղաքի կենտրոնի խաչմերուկներում և առավել անկայուն շրջաններում զրահամեքենաներ և ջրցաններ են կանգնած: Չնայած փողոց դուրս գալու արգելքին` օրվա ընթացքում ցուցարարների հետ կապված միջադեպեր են արձանագրվել:
Նշվում է, որ նմանատիպ դրություն է նաև Ստամբուլի Էսենյուրթ թաղամասում` քաղաքի եվրոպական մասում, որտեղ կենտրոնական հրապարակում զրահամեքենաներով հերթապահում են զինվորականներն ու ոստիկանությունը:








































