Այսօր Երևանի Մերգելյանի ինստիտուտում մեկնարկել է Հեքըթոն(ՅԱՆ) 2012 նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը: Այն կազմակերպել է Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը՝ Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի, «Սորսիո» ընկերության, ինչպես նաև Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ:
Մրցույթի 2 օրերի ընթացքում մասնակից 38 թիմերը մշակելու և ժյուրիի դատին են ներկայացնելու իրենց նորարար գաղափարները և առաջարկվող լուծման/ծրագրի/հավելվածի նախատիպը (դեմո տարբերակը): Այս տարի գաղափարները շատ բազմազան են՝ հեռախոսային հավելվածներից մինչև խաղեր:
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Եվա Հյուսյանը հայտնեց, որ անցած տարվա Հեքըթոնի համեմատ այս տարի մասնակիցները 6-ով ավելի շատ են և ոգևորությունն ավելի մեծ է, իսկ գաղափարների բազմազանությունը պայմանավորված է նրանով, որ թեմատիկ սահմանափակումներ չկան: Անցած տարի մրցույթը նվիրված էր Երևանին:
Այս տարի Հեքըթոնը նաև հյուրեր ունի արտերկրից, և կանցկացվեն վարպետության դասընթացներ. Սիլիկոնյան հովտից 2 մասնագետներ կծանոթացնեն իրենց փորձի հետ, դասախոսություն կլինի Windows 8-ի համար հավելվածների ծրագրավորման վերաբերյալ, կանցկացվի նաև դիզայնի վարպետության դաս:
Եվա Հյուսյանը հայտնեց, որ նախորդ տարվա համեմատ մասնակիցներից միայն 20-30%-ն են նույն անձինք: Ըստ նրա՝ շատ ուրախալի և հուսադրող է, որ նոր մասնակիցներն ավելի շատ են:
Հաղթող թիմը կհայտարարվի դեկտեմբերի 26-ի երեկոյան:








































