Նախագահի ընտրությանն առաջադրվելու վերաբերյալ Հրանտ Բագրատյանի «սուվերեն» որոշումը հիմք տվեց կարծելու, որ, ըստ ամենայնի, Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու, ինչի համար էլ Հրանտ Բագրատյանը հայտարարեց իր առաջադրվելու մասին: Ավելին` կարծիքներ շրջանառվեցին նաև, որ Հրանտ Բագրատյանն իր հայտարարությունը համաձայնեցրել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանը կարծես թե իսկապես կայացրել է իր որոշումը, ու դրա վկայությունը ոչ թե Հրանտ Բագրատյանի որոշումն է, այլ ավելի վաղ տեղի ունեցած մի իրողություն: Խոսքը Լևոն Տեր-Պետրոսյանի այն հոդվածի մասին է, որ լույս տեսավ ԱԺ արտահերթ նիստի նախօրեին, որ հրավիրել էր ՀԱԿ-ը, և որը ՀՀԿ-ն տապալեց բոյկոտով: Լևոն Տեր-Պետրոսյանը խախտելով իր տևական լռությունը` մամուլում հանդես եկավ փոքր հոդվածով, որտեղ ընդդիմությանը խորհուրդ էր տալիս նիստը տապալվելիս չհուսահատվել, այլ հաջորդ քայլով դիմել դատարան:
Այդ հրապարակումը ուներ մի քանի ուշագրավ պահեր: Տեր-Պետրոսյանը զարմանալիորեն խախտել էր լռությունը գրեթե շարքային մի իրադարձության առիթով` այն դեպքում, երբ իր թիմակիցներին կարող էր նույն խորհուրդը տալ պարզապես անձնական շփման միջոցով: Ի վերջո` հատուկ իմաստնություն կամ փորձառություն պետք չէր այն` հասկանալու համար, որ ՀՀԿ քայլի համար արժե դիմել ՍԴ:
Այդ տեսանկյունից բավական զարմանալի էր, որ աշխարհի ընդդիմությունների ամենասակավախոս առաջնորդներից մեկը հանդիսացող Լևոն Տեր-Պետրոսյանը հանկարծ որոշեց այդ առիթով հանդես գալ մամուլի հրապարակմամբ: Միևնույն ժամանակ, ուշագրավ էր տոնը, որով Տեր-Պետրոսյանը դիմում էր ընդդիմությանը: Կարծես նա այդ ընդդիմությունից չէր, դրա առաջնորդը կամ առաջնորդներից մեկը չէր: ՀԱԿ առաջնորդն իր տոնայնությամբ կարծես թե տարանջատվում էր ակտիվ քաղաքական գործընթացներից: Տեր-Պետրոսյանի համար երևի թե բարդ է ոչ թե նախագահի ընտրությանը չմասնակցելու որոշումը, այլ այն ներկայացնելը, մատուցելը:
Իհարկե, նրա ցանկացած որոշում սեփական շրջապատն ընդունելու է ուռաներով` որպես բարձրագույն իմաստության դրսևորում: Այդ իմաստով նա խնդիր չունի: Խնդիրը երևի թե նրա մարդկային ապրումների մեջ է, որովհետև նախագահի ընտրությանը չմասնակցելը հավասարազոր է երեխաներին թողնելու ծնողի որոշմանը:
ՀԱԿ-ի զգալի մասը Լևոն Տեր-Պետրոսյանի` խաղից դուրս գալու պարագայում ինքնաբերաբար հայտնվելու է խաղից դուրս: Քչերը կան ՀԱԿ-ում, եզակիները, որ ունեն քաղաքական ինքնուրույնության պաշար: Եվ այդ տեսանկյունից, Տեր-Պետրոսյանն իհարկե հասկանում է, որ եթե հայտարարի նախագահի ընտրությանը չմասնակցելու մասին, փաստացի «որբ» է թողնելու մի ամբողջ «քաղաքական «ընտանիք»: Սակայն մյուս կողմից` սա նաև անխուսափելի հեռանկար է, քանի որ նրա քաղաքական փորձառությունը հուշում է, որ մասնակցությունը տվյալ դեպքում ամենևին ելք չէ, և դա ընդամենը հեռանալու ժամանակն է ձգձգելու:
ՀԱԿ-ի փակուղային իրավիճակի պատճառներից մեկն էլ հենց այս իրողությունն է, որում, իհարկե, Տեր-Պետրոսյանն ունի իր մեծ մեղքի բաժինը, քանի որ ինքնուրույնությունը խրախուսելու փոխարեն` նա ՀԱԿ-ի առաջնորդի դերում խրախուսում էր հպատակությունն ու անհատապաշտությունը: Արդյունքում, սակայն, կարճաժամկետ առումով է այդ մթնոլորտը հաճելի, երկարաժամկետ առումով բումերանգի դեր է կատարում Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի համար` զրկելով նրան անգամ սեփական որոշումը հրապարակելու կարողությունից:
Վաղը ՀՀՇ-ի համագումարն է, և սպասվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գոնե այդ ժամանակ կհայտարարի իր որոշման մասին: Սակայն դրանից արդեն ոչ մի բան չի փոխվի բառի բուն և պատկերավոր իմաստով:









































