Բելառուսական «Բելայա Վեժա» թատերական միջազգային փառատոնին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Ջոն արքա» ներկայացումը արժանացել է հատուկ մրցանակի` «Շեքսպիրի յուրահատուկ մեկնաբանության և ազգային թատրոնի ավանդույթների նկատմամբ հավատարմության համար»: «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ջոն արքա» ներկայացման գլխավոր հերոսներից՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանի հետ:
–Պարոն Մարության, «Ջոն Արքա» ներկայացմամբ «Բելայա Վեժա» միջազգային թատերական փառատոնին մասնակցող Սունդուկյանի անվան թատրոնը հաղթանակով է վերադարձել: Այնուամենայնիվ, մեր երկրում մշակութային քաղաքականությունը որքանո՞վ է գոհացնում Ձեզ,որքանո՞վ են մեր իշխանությունները մշակույթի գործիչներին ըստ արժանվույն գնահատում:
– Թեև բյուջեի վիճակը լավ չի, մենք՝ թատերական արվեստի աշխատողներս, պետք է շնորհակալ լինենք, որ պետությունըայդ սուղ միջոցներից կարողանում է այդքան գումար տրամադրել թատրոններին, որպեսզի ներկայացումների տոմսերի գինն իջնիև դառնա 1000-1500 դրամ: Եթե պետությունը այդ աջակցությունը չցուցաբերի, մենք այդ տոմսերը պետք է վաճառենք 10.000-15.000 դրամով՝ պետք է բարձրացնես, որ ներկայացումն իրեն արդարդացնի: Գիտեք, որքան թանկ է մեկ ներկայացում անելը, իսկ պետությունը չի զլանում այդ գումարները տալ: Պետությունը կարևոր է համարում, քանի որ վերջիվերջո՝ եթե մենք մի քանի հազար տարվա ժողովուրդ ենք, մեզ չի սազում, որ մենք չունենանք լավ թատրոն, մշակույթ, գրողներ, քանդակագործներ, նկարիչներ: Շնորհակալ եմ պետությանը ցուցաբերած աջակցության համար, հիմա մենք ինչքանով կարող ենք՝ պետք է վերադարձնենք պետությանը:
–ՀՀ վաստակավոր արտիստ եք, օրերս շոու–բիզնեսի շատ ներկայացուցիչներ էլ այս կոչմանն արժանացան: Վիրավորական չէ՞:
-Գիտեք, հիմա ես այսպիսի մի բան եմ ուզում ասել՝ Մհեր Մկրտչյանն է՛լ էր ժողովրդական դերասան և ինչ-որ մարզի մի դերասան է՛լ էր ժողովրդական դերասան: Հիմա այդ երկու ժողովրդականները նո՞ւյնն են: Կոչումը ընդհանրապես լավ բան է, և եթե ստանում է շոու-բիզնեսի գործիչը, այդ չափը պետք է տանք: Հիմա ի՞նչ անենք, չտա՞նք, դրանից բարձր կլինի՝ նրան էլ կտանք. ես այդպես եմ համարում: Ինքն էլ իր չափի մեջ իր կոչումն ունի, թող ստանա, թող կարողանա ստեղծագործել: Օրինակ՝ ԱՄՆ-ում ճարտարապետների մրցույթ են անցկացնում, որի շահողին տալիս են 5 միլիոն դոլար, երկրորդ տեղը զբաղեցնողին էլ՝ երկու միլիոն, բայց այդ երկու միլիոնը տալիս են նրան, որ շարունակի ստեղծագործել, որ չհիասթափվի: Հիմա մեր երգիչները թող ոգևորվեն՝ գուցե ավելի լավ երգեն: Չէ՞ որ դրանից իմ կոչումը չի պակասում:
–Դուք ի՞նչ եք կարծում՝ պետք է թատրոնում ներփակվա՞ծ մնալ, թե՞ նաև հանրային խնդիրներով պետք է մտահոգվել: Տարիներ առաջ դերասանները ասում էին, որ քաղաքականությանը չեն խառնվում, ընդդիմությունն էլ չի ոգևորում: Հիմա, երբ ինչքան ասես խնդիրներ կան, արվեստագետն իրեն տեսնո՞ւմ է այդ խնդիրների կողքին:
-Ես ձեզ հետ համաձայն եմ, բայց դա չի նշանակում, որ, ասենք, Արմեն Մարությանը պետք է դրոշակն առնի՝ վազի այնտեղ պայքարի: Արմեն Մարությանն ու իր նմանները պայքարի իրենց տեղն ունեն՝ բեմը: Ես չեմ հիշում մի ներկայացում, որ ես դրանում չպայքարեմ իմ խաղով, ներկայացման կոնցեպցիայով և ասելիքով: Հիմա շատ մեծ պրոբլեմ է հայրենիքից գնալը. ես հո չե՞մ կարող գնալ, հրապարակում կանգնել և ասել՝ մի արտագաղթեք, բայց ես խաղում եմ մի ներկայացում, որը կոչվում է «Անվերադարձ ապագա», որը ԱՄՆ-ում ապրող հայերի մասին է, և ներկայացման ամբողջ իմաստն այն է, որ այնտեղ ծնված մի հայ աղջկա մեջ հայկական գեները այնքան շատ են, որ կարողանում է շրջապատը, ընտանիքը հավաքել-բերել Հայաստան:
Ավելին՝ տեսանյութում:









































