Ինչպես արդեն տեղեկացրել ենք, եռյակի՝ Հրազդանում կազմակերպած հանրահավաքն անցավ բավական լարված մթնոլորտում: Առանց այդ էլ սակավաթիվ մարդկանց առաջին շարքում կանգնած մի խումբ կանայք ելույթների ժամանակ ամենատարբեր ռեպլիկներով, բղավոցներով ու կոչերով խանգարում էին բանախոսներին:
Աժ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն այդ կանանց ուղարկողներին բաշիբոզուկներ անվանեց: «Նրանց, ովքեր ձեզ ուղարկել են, խնդրում եմ փոխանցեք՝ թող հաջորդ անգամ իրենց շալվարները, տան ձեզ հետ բերեք: Նրանք, ովքեր ձեզ ուղարկել են, պարազիտներ են: Դրանք ձրիակերներ են, սինլքորներ են: Չնայած սինլքորը չեն հասկանա: Դրանք բաշիբոզուկներ են: Վաղը, մյուս օրը նրանք ձեր փոխարեն իրենց կանանց են ուղարկելու, իրենց քույրերին: Բայց մենք էլի նրանց կխնայենք»,- ասաց Հակոբյանը:
Հանրահավաքից հետո «Առաջին լրատվականը» բոյկոտող կանացից հետաքրքրվեց, թե ճի՞շտ է, որ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն է կազմակերպել և իրենց բերել հրապարակ, որպեսզի բոյկոտեն ընդդիմության հանրահավաքը՝ դրա դիմաց խոստանալով գումար վճարել: «Ամոթ ա, տենց բան չասեք: Ես պրովոկատոր չեմ: Ես զոհվածի մայր եմ: Ինձ ոչ մի բան չեն տվել: Ես տուն էլ ունեմ, ամեն ինչ էլ ունեմ: Ես Սերժի կողմից եմ, եղել եմ ու կմնամ: Ես ինչքան մոտեցել եմ, ինքը միշտ էլ օգնել ա»,- ասաց տիկինը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։









































