Բրիտանիայի կառավարությունը հաստատել է Իրաքի տարածքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դիրքերին օդային հարվածներ հասցնելը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնի նախագահությամբ նախարարների կաբինետի նիստում ընդունվել է բանաձևի տեքստ, որը լիազորում է ռազմական հարվածները: Այսօր օրն այն ներկայացվել է խորհրդարանի հաստատմանը: Կառավարությւոնը նաև հաստատել է այդ գործողության իրավական հիմնավորումը:
Բանաձևի տեքստում ասվում է, որ Մեծ Բրիտանիան ցամաքային ուժեր չի մտցնի Իրաքի տարածք և կսահմանափակվի օդային հարվածներով:
Փաստաթղթում նաև նշվում է, որ հարվածները կիրականացվեն միայն Իրաքի տարածքում, չեն ընդգրկի Սիրիան: Բանաձևի համաձայն՝ եթե Բրիտանիայի կառավարությունը որոշի գործողությունն ընդլայնել Սիրիայում թիրախների ուղղությամբ, դա կպահանջի առանձին քվեարկություն խորհրդարանում:
Գործողությունը կարող է սկսվել Համայնքների պալատի կողմից այդ հարվածներն արտոնող բանաձևի ընդունումից հետո: Սակայն, ամենայն հավանականությամբ, պատրաստությունը կարող է տևել մի քանի օր՝ նշում են բրիտանական ԶԼՄ-ները:








































