Չեռնոգորիայի նախագահական ընտրություններում գործող նախագահ Ֆիլիպ Վույանովիչի թեկնածությունը կրկին կառաջադրվի իշխող «Սոցիալիստների դեմոկրատական կուսակցության» կողմից: Ընտրությունները կանցկացվեն 2013 թ. գարնանը: Այս մասին տեղեկացրել է ազգային TVCG հեռուստաալիքը՝ հղում կատարելով իշխող կուսակցության աղբյուրներին:
Վույանովիչը, ով հարցումների արդյունքներով՝ երկրում ամենաշատ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչն է, մինչ այժմ պաշտոնապես չի առաջադրել իր թեկնածությունը: Երկրի բնակչությունը միակարծիք չէ այն հարցում, թե արդյոք Վույանովիչը, ով երկու անգամ ընտրվել է երկրի նախագահի պաշտոնում, կարող՞ է երրորդ անգամ էլ առաջադրել իր թեկնածությունը:
Առաջին անգամ Վույանովիչը նախագահ է դարձել 2003 թ., երբ Չեռնոգորիան դեռ անկախ պետություն չէր: Նախկին հարավսլավական այս պետությունն անկախություն է ձեռք բերել 2006 թ.:
Օրենքի համաձայն՝ Չեռնոգորիայի խորհրդարանի խոսնակը պետք է նախագահական ընտրություններ նշանակի ոչ ուշ, քան նախագահի լիազորությունների ավարտից 120 օր առաջ: Դա նշանակում է, որ ընտրությունները կկայանան 2013 թ. մայիսի 20-ից ոչ ուշ: Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը իշխող կոալիցիայի փոքր գործընկերն է համարվում, գտնում է, որ Վույանովիչը նոր նախագահական ընտրություններում առաջադրվելու իրավունք չունի:









































