Սիրիայում «Իսլամական պետության» կողմից գերեվարված բրիտանացի Ալան Հենինգի կինը ձայնագրություն է ստացել, որում ամուսինն աղաչում է խնայել իր կյանքը: Այս մասին չորեքշաբթի հայտնում է Independent-ը՝ հղում անելով կնոջ՝ Բարբարայի հայտարարությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հենինգի կինը ծայրահեղականներին կոչ է արել ազատ արձակել իր ամուսնուն: Նրա խոսքով՝ Հենինգը կանգնել է շարիաթի դատարանի առաջ, և վերջինս իր ամուսնու վրայից հանել է լրտեսության և բոլոր այն կասկածները, որ նա որևէ վտանգ է ներկայացնում:
Մանչեսթերից 47-ամյա տաքսու վարորդ Ալան Հենինգը պատանդ է վերցվել անցած տարվա դեկտեմբերին Սիրիայում, ուր մեկնել է որպես կամավոր, որպեսզի օգնի Սիրիայում հակամարտությունից տուժածներին: Ավելի ուշ «Իսլամական պետության» զինյալները խոստացել են մահապատժի ենթարկել նրան:









































