Այն գործողությունները, որոնք ենթադրաբար տեղի կունենան մինչև հոկտեմբերի 10-ը և հոկտեմբերի 10-ին, ընդամենը խորհրդանշական բնույթ են կրում, որոնք որևէ կերպ չեն արտահայտում ՀՀ քաղաքացու շահերը. այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով եռյակի գործունեությանը և դրա հեռանկարներին:
Նրա խոսքով՝ տեղի է ունենում մի գործընթաց, որտեղ իրենց «ոչիշխանական» կոչող ուժերը ինչ-որ գործընթաց են նախաձեռնում, որում հստակ օրակարգ չկա:
«Այսինքն՝ մի ուժը խոսում է մի դիրքից, ասում է՝ մենք Հայաստանի փրկությունը տեսնում ենք միայն X օրակարգի մեջ, մյուս ուժերն ասում ենք՝ ոչ, մենք դրա մեջ չենք տեսնում, մեր կուսակցության ղեկավարը Ազգային անվտանգության խորհրդի անդամ է և բավական հաճախ հանդիպում է գործող նախագահի հետ, նրա հետ քննարկում տարբեր հարցեր: Եվ գոյություն ունի մի ուժ՝ «Ժառանգությունը», որը, ցավոք, այնտեղ ներկայացնում է ավելի արևմտամետ դիրքորոշում, որն իմ խորին համոզմամբ՝ օգտագործվում է այս համատեքստում»,- ասաց քաղաքագետը:
«Այդ միությունում ակնհայտ ռուսական կողմնորոշում ունեցող ուժերը, որոնք կողմ են Մաքսային միությանը Հայաստանի խայտառակ բռնակցմանը, կարիք ունեն նաև դրսին ցույց տալու, որ իրենց հետ կա արևմտյան քաղաքական դիրքորոշում ունեցող քաղաքական ուժ ևս, ու այդ համատեքստում «Ժառանգությունն» օգտագործվում է:
Իրականում ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ «Ժառանգությունը» դերակատարում չունեն այս գործընթացում, քանի որ վաղուց Հայաստանում քաղաքականության մեջ հարց են լուծում ոչ թե քաղաքական կատեգորիաներով, այլ ֆինանսական: Թե՛ ՀԱԿ-ը, թե՛ «Ժառանգությունը» իրենք իրենցով չունեն ռեսուրս, որպեսզի քաղաքական օրակարգ թելադրեն, ուստի, այս խաղում ես տեսնում եմ երկու ուժերի՝ ՀՀԿ-ին և ԲՀԿ-ին»,-ընդգծեց Նարեկ Սամսոնյանը:
Նրա համոզմամբ՝ իրականում քաղաքական համակարգը նույնիսկ երկբևեռ չէ, միաբևեռ է, քանի որ բոլոր խորհրդարանական ուժերի ղեկավարները կողմ են արտահայտվել Մաքսային միությանն անդամակցությանը: «Կուսակցությունների միջև քաղաքական մշակույթի առումով ևս լուրջ տարբերություններ չկան. նույն քրեաօլիգարխիկ համակարգը և՛ ԲՀԿ-ի ներսում է, և՛ ՀՀԿ-ի: Այսինքն՝ սկզբունքներով տարբերություն չկա այս երկու ուժերի միջև»,-նշեց նա:
Անդրադառնալով տեսակետին, ըստ որի՝ կարևոր չէ, թե ինչ ուժեր են հարթակում կանգնած, կարևորը միասնական ուժերով իշխանություններին հեռացնելն է, քաղաքագետը նշեց. «Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ 2008-ին և 2013-ին: 2013-ին նույն սկզբունքով ՀՀ քաղաքացիները կանգնեցին Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, որի վերջում ամենահոդաբաշխ արտահայտությունը ոստիկանապետի հետ աղոթքն էր Ծիծեռնակաբերդում: Նույնը կարելի է ասել 2008-ի մասին, թեև 2008-ի շարժումը նաև քաղաքացիական հասարակության զարթոնքի անկյունաքարերից մեկն էր, որովհետև ՀՀ քաղաքացիները այդ ընթացքում մեծ դպրոց անցան Ազատության հրապարակում: Դա միակ դրական բանն էր, որ մնաց այդ շարժումից:
Համաշխարհային փորձը ևս հակառակն է ցույց տալիս. Այսինքն՝ եղել են դեպքեր, երբ մի բռնապետից ազատվելու ակնկալիքով կանգնեցին Չիլիում Պինոչետի կողքին, որի արդյունքում եղավ իշխանափոխություն, և Չիլիի ժողովուրդն ավելի մեծ զրկանքներ կրեց, քան կրել էր Ալիենդեի ժամանակ: Այսինքն՝ միանշանակ, մեծ կարևորություն ունի, թե քաղաքական գործընթացներն առաջնորդող քաղաքական ուժն ինչ բովանադակային մոտեցումներ ունի ժողովրդավարացման հարցում»:
Ավելին՝ տեսանյութում:







































