Ռուսաստանի տնտեսությունն ընկնում է բացասական ցիկլի մեջ, որտեղ որևէ զարգացում, տնտեսական աճ չի սպասվելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ անդրադառնալով աշխարհի տնտեսական վիճակին:
Նա նշեց, որ աշունը եկել է, ուստի ճտերը հաշվելու ժամանակն է: Բանախոսը ներկայացրեց Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները, որոնք ներկայացվել են հուլիս ամսին: Ըստ նրա՝ համաշխարհային տնտեսության ընդհանուր միտումը բացասական է, և դա արտացոլված է այն կանխատեսումներում, որոնք հրապարակված են: Բանախոսն ասաց, որ տնտեսական աճի նվազում է գրանցվել համաշխարհային տնտեսությունում, Եվրոպայում անկումն ավելի մեղմ է:
«Ռուսաստանի պարագայում և ընդհանուր վիճակը, և կանխատեսվող նվազումները շատ մեծ են: Աշխարհը սպասում է, որ ՌԴ տնտեսական աճը կկազմի 0,2 տոկոս, իսկ պատժամիջոցների վնասը դեռ հաշվարկված չէ: Այս գորշ գնահատականը տարածվում է գալիք տարիների վրա ևս: ՌԴ տնտեսությունը չի աճելու, ՌԴ-ն ընկնում է մի ցիկլի մեջ, որտեղ զարգացում չի սպասվելու: Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության կանխատեսումներով՝ մինչև տարեվերջ տնտեսական աճը կարող է կազմել 0,6 տոկոս: Սա ևս՝ առանց պատժամիջոցների վնասը հաշվարկելու, ուստի կարելի է ասել, որ սա Ռուսաստանի համար վատ թիվ է:
Նավթի գների նվազումը ևս բացասաբար կանդրադառնա ՌԴ տնտեսության վրա, քանի որ վերջին երեք տարվա ընթացքում մեկ բարել նավթի գինն այնքան ցածր չի եղել, ինչքան այսօր»,- ներկայացրեց Բագրատ Ասատրյանը:







































