Այս պահի դրությամբ առավոտյան հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներից 11-ը դադարեցրել են հացադուլը, ինչպես փոխանցել է Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ «քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների տարած բացատրական աշխատանքների արդյունքում»:
«Օրենսդրական փոփոխություններ են սպասվում ցմահ դատապարտյալների, նրանց պահման պայմանների վերաբերյալ: Այդ մասին ՔՀԿ-ի աշխատակիցները տեղեկացրել են դատապարտյալներին, որից հետո նրանցից 11-ը դադարեցրել են հացադուլը», – «Ազատության» հետ զրույցում ասել է Խաչատրյանը:
Այսօր առավոտից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 29 ցմահ դատապարտյալներ անժամկետ հացադուլ էին հայտարարել:
Նրանք պահանջում են իրենց գործերի վերանայում: Քանի որ դատարանները անմիջապես մերժում են ցմահ ազատազրկման դատապարտվածների գործերը վերանայելու մասին դիմումները, դատապարտյալները նաև հանդիպում էին պահանջում նախագահի ներկայացուցչի հետ:
Այս մասին «Ազատությանը» փոխանցել է ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Գրիգորյանի քույրը՝ Ռուբինա Գրիգորյանը:
Մոտ երկուևկես ամիս առաջ ցմահ դատապարտյալները դիմել էին Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանին՝ խնդրելով քննարկել իրենց գործերի վերանայման հնարավորությունը: Նախարարը խոստացել էր լուծումներ գտնել:
«Քանի որ լուծումներ մինչև այսօր չեն գտնվել, նրանք կրկին դիմել են ծայրահեղ քայլի և հացադուլ են հայտարարել», – «Ազատության» հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը, ով այսօր այցելել էր դատապարտյալներին:
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում







































