Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի կողմից ԼՂՀ այցելելու ծրագրելը.
«Երբ Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը հայտարարում է, որ պատրաստվում է այցելել Լեռնային Ղարաբաղ, մենք պետք է մտածենք այդ այցի նպատակի մասին, քանի որ ԵՄ-ն ուղղակիորեն չի մասնակցում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:
Հետագայում ԵՄ-ը կարող է ներգրավվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, իսկ ներկայումս նա փաստացիորեն ուղիղ չի մասնակցում այդ գործընթացին: Պետք է կոնկրետ պատասխան տրվի հակամարտության գոտի Ֆիլիպ Լեֆորի այցելելու մտադրությանը: Ո՞րն է Եվրամիության քաղաքական դիրքորոշումը: Արդյոք նա աջակցո՞ւմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, թե՞ այլ նպատակ է հետապնդում: Ֆիլիպ Լեֆորը պետք է բացատրի, թե ի՞նչ նպատակով է գնում Լեռնային Ղարաբաղ»:







































