Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ընտանիքի ունեցվածքի կալանմանը մասնակից է համարում երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, իսկ կալանքը՝ օրենքի շրջանակներից դուրս: Այս մասին Սաակաշվիլին ասել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ունեցվածքը, որը վերցրել է Իվանիշվիլին, դասական օրինակ է, թե ինչ է նշանակում ոչ կոռումպացված նախագահ՝ պետական ծառայող, որը չի գողանում, քաղաքական գործիչ, որը փողերը ժողովրդի վրա է ծախսում, ոչ թե իր և սեփական ընտանիքի վրա: Ինձ ցույց տվեք գոնե 1 նախագահի ամբողջ աշխարհում, որը կառավարել է 9 տարի և ունի այդպիսի փոքր տուն, ինչպիսին իմն է Կվարելիում»,- ասել է նախագահը:
Սաակաշվիլին Իվանիշվիլիին անվանել է «օլիգարխ, որը նստել է լեռան վրա՝ հսկա պալատում և անձամբ է որոշումներ ընդունում՝ ումից ինչ ունեցվածք խլել, ում ինչ վերադարձնել, ում բանտարկել, ում բաց թողնել»:
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և նրա ընտանիքի ամբողջ ունեցվածքի վրա կալանք է դրվել:









































