Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան):
Նախագահն այցելել է նաև Սան Բարտոլոմեո (Սուրբ Բարդուղիմեոս) եկեղեցի, որի մատուռներում տեղ են գտել քրիստոնյա նահատակների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության նահատակների վերաբերյալ հիշատակումներ: Եկեղեցու գլխավոր խորանի առջև Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել նահատակների հիշատակին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Հանրապետության նախագահը դիմելով եկեղեցում հավաքված հավատացյալ ժողովրդին՝ նշել է, որ հայ ժողովրդի պատմության մեջ եկեղեցին առանձնահատուկ նշանակություն և դերակատարություն է ունեցել: Ընդգծելով, որ հայ ժողովուրդը տևական ժամանակ պետականություն չի ունեցել. վերջին հայկական թագավորությունը մարել է 600 տարի առաջ՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ պետականության բացակայության պայմաններում եկեղեցին պետության շատ գործառույթներ վերցրել է իր վրա:
Նախագահի խոսքով, Հայաստանում համարում են, որ նաև դրա շնորհիվ է, որ մեր ժողովուրդը կարողացել է անցնել պատմության քառուղիներով և հասնել 21-րդ դար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Սուրբ Բարդուղիմեոսը, ում անունով կոչվում է Հռոմում՝ Տիբեր կղզու վրա գտնվող այս եկեղեցին, համարվում է Հայ եկեղեցու հիմնադիրներից մեկը: «Թող Աստված մեզ բոլորիս ուժ ու կարողություն տա, որպեսզի մենք մեր քրիստոնեական արժեքները կարողանանք փոխանցել մեր սերունդներին»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ի պատիվ Հայաստանի նախագահի՝ այսօր Սան Էջիդիո քրիստոնեական համայնքի անունից տրվել է ճաշ:









































