Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել չեղյալ հայտարարել Ռուսաստանի հետ նախատեսված համաձայնագրերը, մասնավորապես՝ «Հարավային հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է հինգշաբթի օրը Եվրախորհրդարանի լիագումար նիստի ժամանակ ընդունված բանաձևում:
«Եվրախորհրդարանը ԵՄ անդամ երկրներին կոչ է անում չեղյալ հայտարարել Ռուսաստանի հետ էներգետիկ ոլորտում ծրագրված համաձայնագրերը՝ ներառյալ «Հարավային հոսք» գազատարը»,- ասվում է բանաձևում:
Ընկերությունների և ԵՄ անդամ երկրների միջև պայմանագրերի կնքումը կամ խզումը Եվրախորհրդարանի իրավասության շրջանակներում չէ, նրա կոչերն ընդամենը ցանկալի գործողությունների մասին կարծիքի արտահայտում են:
Անցած տարի Եվրահանձնաժողովը նախաձեռնել է Ռուսաստանի և ԵՄ երկրների միջև «Հարավային հոսք» գազատարի շինարարության և շահագործման վերաբերյալ երկկողմ միջկառավարական համաձայնագրերի վերագնահատումը՝ հիմնված երրորդ էներգափաթեթի նորմերին համապատասխանեցման վրա:









































