Մինչ Ուկրաինայում մալայզիական Boeing 777-ի կործանման պաշտոնական հետաքննությունը ձգձգվում է, իսկ նախնական հաշվետվությունները չեն հայտնում վթարի հստակ պատճառները, աղետի հետաքննությամբ որոշել են զբաղվել գերմանացի խուզարկուները: Մասնավոր խուզարկուական գործակալությունը 30 մլն դոլարի չափով պարգևավճար է առաջարկել տեղեկատվության դիմաց, որը կօգնի պարզել, թե ով կարող էր հարվածել օդանավին:
Քննությունը վարում է Յոզեֆ Ռեշը՝ տնտեսական հանցագործությունների հետաքննման Wifka գործակալությունից: Նրան այդ գործը հանձնարարել է անհայտ հաճախորդ: Խուզարկուները հայտարարությունը հրապարակել են մի քանի լեզուներով:
Ռեշի խոսքով՝ ինքն արդեն ստացել է 40 հազար եվրոյի չափով հոնորար և չի կասկածում առեղծվածային հաճախորդի ֆինանսական հնարավորությունների վրա: Այս մասին հայտնում է Spiegel-ը: Ռեշի խոսքով՝ միջնորդներից մեկը շվեյցարական առոգանություն ունի:









































