Կոտ դ’Իվուարից փախստականների թիվը հասել է մեկ միլիոնի: Այս մասին երեկ հաղորդել է BBC-ի հեռուստաալիքը` հղում կատարելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակին: Նրանց մեծ մասը փախել է Լիբերիա: Փախստականների թիվն աճում է գործող նախագահ Լորան Գբագբոյի և ընդդիմության առաջնորդ Ալասանա Ուատտարայի հակամարտության հետևանքով:
Հիշեցնենք, որ անցած տարի նոյեմբերին Կոտ դ’Իվուարում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որից հետո երկու թեկնածուներն էլ հայտարարեցին իրենց հաղթանակի մասին: Միջազգային կազմակերպությունները, շատ երկրներ` Աֆրիկայում և Արևմուտքում լեգիտիմ ընտրված նախագահ ճանաչեցին ընդդիմադիր Ուատտարային, սակայն Գբագբոն հրաժարվեց լքել իր պաշտոնը, իսկ երկիրը մտավ անկայունության երկարատև փուլի մեջ:
Երեկ մարտեր են տեղի ունեցել երկրի տնտեսական մայրաքաղաք Աբիջանում, ընդ որում` Գբագբոն հակառակորդների դեմ ծանր զինտեխնիկա է օգտագործում:
Լիբիայում Քադաֆիի դեմ սկսված գործողությունների ֆոնին, երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հատուկ ուղերձ է հղել աֆրիկյան այդ երկրի ժողովրդին, որտեղ Օբաման հայտարարել է, որ Ալասան Ուատտարան համարվում է միակ լեգիտիմ և ընտրված ղեկավարը` նրան անվանելով Կոտ դ’Իվուարի նախագահ: Նա Գբագբոյին զգուշացրել է, որ եթե նա և իր կողմնակիցները շարունակեն կառչած մնալ պաշտոնից, դա կհանգեցնի մեծ թվով զոհերի խաղաղ բնակչության շրջանում, ինչպես նաև աֆրիկյան այդ երկրի տնտեսական մեկուսացման: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Օբաման իր ուղերձում ակնարկել է, փաստորեն, թե ինչ է լինում այն «նախագահների» հետ, որոնք դեմ են դուրս գալիս սեփական ժողովրդի կամքին և բռնի ուժ կիրառում նրանց նկատմամբ: Կարծում ենք, որ ուղերձի ժամանակն այս առումով պատահական չէ ընտրված:







































