Փարիզի դատարանը երկուշաբթի պարտավորեցրել է ծագումով Ռումինիայից հայտնի ֆրանսիացի լուսանկարիչ Իրինա Իոնեսկոյին 10 հազար եվրո վճարել իր դստերը՝ Եվային, որպես էրոտիկ լուսանկարների բարոյական վնասի փոխհատուցում: AFP գործակալության փոխանցմամբ՝ այդ լուսանկարներն արվել են աղջկա վաղ տարիքում:
Դատարանի որոշմամբ՝ լուսանկարիչը պետք է իր 47-ամյա դստերը փոխանցի բոլոր լուսանկարների նեգատիվները: Եվայի էրոտիկ լուսանկարները 1970-ականներին հայտնվել են այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են Playboy -ն ու Penthouse-ը: Այդ ժամանակ աղջիկը դեռ 5 տարեկան էր: Եվան, որը հիմա դերասանուհի է, հայտարարել է, որ այդ ֆոտոսեսիաներն «իրենից խլել են մանկությունը»:
Լուսանկարչի փաստաբանը վիճարկել է այդ որոշումը ՝ նշելով, որ 1970-ականներին «բարոյականության հարցերում ավելի ազատ էին»:
Դատարանը լուսանկարչուհու դստերը ավելի համեստ փոխհատուցում է նշանակել, քան պահանջվում էր՝ 200 հազար եվրո: Իրինա Իոնեսկոյին արգելել են շարունակել եկամուտ ստանալ արդեն իսկ հրապարակված լուսանկարների վերատպագրումից, քանի որ դա նույնպես մտնում է դատարանի կողմից բավարարված հայցի մեջ:








































