«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն օրերս Ազգային ժողովում հավակնոտ հայտարարություն արեց: Նա ասաց, թե 2020 թ. Հայաստանը պետք է հասնի հացահատիկի ինքնաբավության 60 տոկոսի: Այսինքն` Հայաստանում պետք է ցորենի այնքան բերք ստացվի, որ ապահովի մեր երկրի ներքին պահանջարկի 60 տոկոսը: Այս հայտարարությամբ Կարապետյանն ինքն իրեն դրել է բավական երկիմաստ վիճակում: Բանն այն է, որ գյուղատնտեսության նախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը մեր թղթակցին ասել է, թե այս տարի Հայաստանում սպասվում է ցորենի 340 հազար տոննա բերք:
Իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի զարգացման վարչության պետ Հրաչ Ծպնեցյանը մեր թղթակցին ասել է, որ Հայաստանում սպառվում է միջինը 500 հազար տոննա ցորեն (ներառյալ` ալյուր, հացամթերք, անասնակեր): Այսպիսով, ստացվում է, որ հիմա արդեն Հայաստանը հատել է ցորենի ինքնաբավության 60 տոկոսանոց սահմանագիծը, որովհետեւ 340 հազարը 500 հազարի ուղիղ 68 տոկոսն է: Ուրեմն` կամ Սերգո Կարապետյանը նկատի է ունեցել, որ առաջիկա վեց տարիներին անհրաժեշտ է կտրուկ կրճատել ցորենի ցանքատարածքներն ու բերքատվությունը, կամ էլ ուղղակի թվերն իրար է խառնել սաղ:
Նշենք, որ պատկերը շատ ավելի տպավորիչ է ստացվում, եթե առաջնորդվում ենք ոչ թե գյուղնախարարության, այլ` փորձագիտական տվյալներով:
Փորձագետները կարծում են, որ Հայաստանում տարեկան ցորենի սպառումը ոչ թե 500, այլ 400 հազար տոննա է: Այս պարագայում ստացվում է, որ այս տարի ցորենի ինքնաբավության առումով հասել ենք 85 տոկոսի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Photolure-ի








































