Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Ղրիմի բռնակցման հարցը մնում է եվրոպական քաղաքականության ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է forbes.ua-ն:
«Մենք չենք մոռացել Ղրիմի մասին, այն միշտ կլինի մեր քաղաքականության ռադարում՝ մինչև միջազգային իրավունքը վերականգնվի»,- հինգշաբթի օրը Կիևում Յալթայի եվրոպական ռազմավարության (YES) 11-րդ ամենամյա հանդիպումը բացելով՝ ասել է նա:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը չընդունեց ուկրաինացի ժողովրդի որոշումը Մայդանում՝ դրա փոխարեն ընտրելով հակամարտության և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակից ամենալուրջ հակամարտությունը ստեղծելու ուղին:
«Մենք պետք է ուղիներ գտնենք Ռուսաստանին բացատրելու, որ հարգանքը հնարավոր է նորից վերականգնել, եթե մենք համատեղ աշխատենք նաև եվրոպական աշխարհամասում՝ բաժանարար գծեր չտանելով»,- ասել է Ֆյուլեն:
Միաժամանակ, նա վստահություն է հայտնել, որ դա հնարավոր է: «Մեր եվրոպական տունը քանդված է, եկել է ժամանակն այն վերանորոգելու՝ ոչ թե որևէ մեկի հաշվին, այլ բոլորին ներգրավելով այդ աշխատանքում»,- ասել է Ֆյուլեն:









































