Այլընտրանքային «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաստատակամ է՝ սահմանադրական բարեփոխումներ հիմա Հայաստանին պետք չեն: Այս մասին այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, որ բոլոր երեք նախագահներն էլ ասել են, որ կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի համար կիսանախագահական մոդելն ավելի արդյունավետ է. «Այս օրերին ո՛չ խաղաղություն հաստատվեց, ո՛չ էլ Ադրբեջանը կապիտուլյացիայի ենթարկվեց, ի՞նչն է փոխվել: Պաշտոնական տվյալներով՝ վերջին տարիներին 200 հազար մարդ է արտագաղթել, արդյոք բարոյակա՞ն է հարցը դնել հանրաքվեի: Գուցե սպասենք՝ մարդիկ վերադառնան տները, չէ՞ որ այդ մարդիկ չեն կարողանալու քվեարկել»:
Ըստ պատգամավորի՝ չկան փաստարկված հիմնավորումներ, թե ինչու պետք է անցնել խորհրդարանական համակարգի:
Հարցին՝ ի վերջո, ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի կարծիքների մեջ կա՞ն տարբերություններ, և դիտարկմանը, թե նա երեկ իր հարցազրույցում վերջնական «ոչ» չի ասել սահմանադրական բարեփոխումներին, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Գագիկ Ծառուկյանի «այո»-ն այո է, իսկ «ոչ»-ը՝ ոչ: Բազմիցս արդեն առիթ ունեցել ենք համոզվելու, ինձ համար հասկանալի չէ՝ ինչո՞ւ են մեր գործընկերները կարծիքների տարակարծություն տեսնում: Գագիկ Ծառուկյանը հակադարձել է այն գործընկերներին, ովքեր գովում են այդ փոփոխությունները»:
Զոհրաբյանը հավելեց, որ իրենք միտումնավոր չեն մտնում սահմանադրական բարեփոխումների հետ կապված բովանդակային քննարկումների մեջ. «Արդյոք հիմա թիվ մեկ խնդիրը սահմանադրական փոփոխություննե՞րն են: Ցանկացած լավ, առողջ գաղափար կարող է հակառակ էֆեկտ ունենալ, եթե այն ոչ ճիշտ ժամանակին օգտագործվի»:







































