ԵՄ բնակիչները կարծում են, որ իրենց երկրները պետք է ձգտեն ԱՄՆ-ից ավելի մեծ անկախության, նաև կողմ չեն Ռուսաստանի ուժեղ դիրքորոշմանը: Նման եզրակացության է հանգեցնում Transatlantic Trends-ի հետազոտությունը, որն ամեն տարի կատարում է German Marshall Fund հիմնադրամը: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ը:
Հետազոտության համաձայն՝ հարցված եվրոպացիների 50%-ը կարծում է, որ իրենց երկրներին անհրաժեշտ է ձգտել ԱՄՆ-ից ավելի շատ անկախության: Անցած տարի այս կարծիքին է եղել հարցվածների 42%-ը:
Գերմանիայում այս միտումն ավելի նկատելի է. Հարցված գերմանացիների 57%-ը կարծում է, որ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերում Բեռլինը պետք է Վաշինգտոնից ավելի անկախ կուրս որդեգրի: 2013-ին այդ կարծիքն է եղել գերմանացի հարցվածների 40%-ը: Հարցված գերմանացիների 60%-ը կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է պահպանի ուժեղ առաջնորդի դիրքը համաշխարհային հանրության մեջ, բայց 2013-ի համեմատ գերմանացիների թիվը, որոնք ԱՄՆ-ի հանդեպ իրենց վերաբերմունքը լավ են համարում, նվազել է 10%-ով՝ մինչև 58%:
Ընդհանուր Եվրոպայում Վաշինգտոնին համակրում է հարցվածների 67%-ը, ինչը նախորդ տարվա համեմատ 3%-ով քիչ է: Ուժեղ ԱՄՆ-ի օգտին հանդես եկող եվրոպացիների թիվը գործնականում չի փոխվել՝ 56%:
Ամերիկացիների 64%-ը և եվրոպացիների 61%-ը կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը:










































