«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ արդեն մի քանի օր է՝ գլխավոր դատախազության համապատասխան վարչությունը ստուգումներ է իրականացնում արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Ստուգվում են դատապարտյալներին հասանելիք սնունդը, դեղերը, իսկ որ ամենակարևորն է՝ փնտրվում են թմրանյութեր, թմրադեղեր, որոնց պակասը «Դատապարտյալների հիվանդանոց»-ում չկա:
Հիշեցնենք, որ նմանատիպ ստուգումներ, սակայն ավելի մանրակրկիտ, նույն գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրահանգով դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունը իրականացրել էր նաև արդարադատության նախարարության մի քանի այլ քրեակատարողական հիմնարկներում և մի շարք խախտումներ էր հայտնաբերել, որոնց հիման վրա հատուկ քննչական ծառայությունը մի քանի տարբեր քրեական գործ էր հարուցել, որոնք այս պահին էլ քննության փուլում են:
Դատախազության ստուգումներն այդ հիմնարկներում եղել էին չափազանց մանրակրկիտ: Մետր առ մետր չափվել էր կալանավորներին հասանելիք զուգարանի թուղթը, կշռվել կալանավորների համար պատրաստվելիք ճաշի կաթսայում առկա կարտոֆիլի քանակությունը, խցերի դիմաց կշռվել էր կալանավորին հասանելիք հացի քաշը: Եվ բոլոր այդ տեղերում էլ պակասորդներ ու թերացումներ էին հայտնաբերվել:
«Դատապարտյալների հիվանդանոց»-ում, սակայն, ստուգումները այս խորությամբ չեն: Դատախազության աշխատակիցները հայտնվում են պատահաբար, ինչ-որ բաներ ստուգում ու հեռանում, ապա նորից գալիս են, պտտվում ու հեռանում:
Այս ստուգումը բացատրվում է նրանով, որ նոր ՔԿ պետի նշանակումից հետո դատախազությունը փորձում է ցույց տալ, որ ինքը չի թուլացնելու իր ազդեցությունը քրեակատարողական հիմնարկներում՝ անկախ պետերի փոփոխությունից: Նույն ձևով էին բացատրվում նաև Հայկ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակ դատախազության իրականացրած ստուգումները: Դրանք իրականացվել էին բացառապես Գևորգ Կոստանյան-Հայկ Հարությունյան տարաձայնությունների կոնտեքստում:
Ինչ վերաբերում է ՔԿ վարչության նոր պետին՝ Արթուր Օսիկյանին, ապա նա այս օրերին փորձում է ներսից ծանոթանալ քրեակատարողական հիմնարկներին: Իսկ այս ընթացքում, մինչ նա կծանոթանա ներքին կարգուկանոնին, ՔԿՀ պետերը զգուշանում են: Ոչ ոք իրեն ոչ մի խախտում, ավելորդ քայլ թույլ չի տալիս՝ մինչև հասկանան, թե խաղի ինչ կանոններ են սահմանվելու: Կանոններ, որոնք Հայկ Հարությունյանի դեպքում հասկանալի և ընդունելի էին բոլորի համար: Չնայած որ ՔԿՀ պետերն արդեն իսկ մտմտում են, թե ինչքան էլ Օսիկյանը գեներալ լինի, մեկ է՝ երիտասարդ է ու ՔԿՀ ոլորտը լավ չգիտի: «Նրան դեռ ցույց կտանք, թե դատապարտյալի հագուստն ինչ գույն ունի»,- ասել են որոշ պետեր:









































