Մի քանի ամիս առաջ երգիչ Արթուր Իսպիրյանն ահազանգեց, որ «Հաղթանակ» զբոսայգու Golden Palace հյուրանոցային համալիրի հետնամասում ծառեր են հատվում, շինարարական աշխատանքներ իրականացվում: Լրատվամիջոցներն ահազանգեցին, սակայն ապարդյուն: Շենքն ինտենսիվորեն կառուցվեց, այսօր արդեն ավարտին է մոտենում շենքի կառուցումը: Իսկ տարածքի աղբն ու գարշանքն այդպես էլ չվերացավ:
Զբոսայգում հյուրանոց կառուցվեց կանաչ տարածքի հաշվին:
Երգիչ Արթուր Իսպիրյանին բնավ չի հետաքրքրում՝ ում է պատկանում հյուրանոցը, թեև բոլորը գիտեն, որ այն պատկանում է մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանին:
«Ցավալի է, բայց ես չեմ հասկանում մեր հասարակության անտարբերությունը, քաղաքապետարանի բացակայությունը, բնապահպանության նախարարի պասիվությունը, չնայած շատ լավ հասկանում եմ, թե ինչու են պասիվ։ Բայց որ հասարակությո՞ւնն է այսպես պասիվ, որտեղ ինչ ուզում են՝ կառուցում են, իրենց առողջությսն, իրենց այգիների, իրենց Երևան քաղաքի պատմության հաշվին, դա ինձ ամենաշատն է զայրացնում»,- ասաց երգիչը:
Արթուր Իսպիրյանը հուսահատված է, քանի որ գիտի բարձրացված խնդիրը թե՛ կառավարության, թե՛ քաղաքապետարանի մոտ մի տեղից մտնում, մյուս տեղից դուրս է գալիս, քանի որ իրենք ձեռք են բերել իմունիտետ այս բոլոր հարցերի հանդեպ, չեն վախենում քչաքանակ պայքարողներից, և առհասարակ, իրենք չեն վախենում ոչ մի բանից:
Golden Palace-ը, մի քանի ռեստորանային համալիրների հետ մեկտեղ, փաստորեն վերացրեց երբեմնի այգին:
Երգչի խոսքով՝ սա միակ մեծ այգին է, որ Երևանում մնացել է, միակ օդի ֆիլտրն է, որ մնացել է երեխաների համար, միակ մեծ այգին է, և մեր երեխաների առողջության հաշվին ապականվում են մեր քաղաքի բնությունը, մեր քաղաքի այգիները:
«Դիմացի հատվածում՝ Մոնումենտի բաղերում, երեք տոկոս այգի էր մնացել, սա էլ դաժանաբար վերացնում են, դարձնում շինհրապարակ»,- ասաց նա՝ անմտություն համարելով «Գոլդըն փելսի» ետնամասում ևս մեկ Golden Palaceկառուցելը ծառերի հաշվին:
«Մեր Երևանն այնքան անպաշտպան է, որ նորից կգրավեն այս տարածքը, նորից այս տարածքը կվառեն, կքանդեն, արմատախիլ կանեն: Այգին իհարկե կորցրել ենք: Արդեն տեր ու տիրական չունի այգին, եթե կենտրոնական փողոցով գնաք, չեք տեսնի այս ամենը, մի փոքր այս կողմ աղբանոց է և խոլերայի համաճարակի բուն, այգու ռեստորանային աղբը լցվում է նախկին հասարակական զուգարան, որն այժմ գոյություն չունի:
Անտարբերություն, ագահություն, անհագություն, կշտանալու չափ ու սահման չկա, մենակ այս հարցում չէ, բոլոր բնագավառներում նույն է:
Մեր քաղաքացին շատ անտարբեր է դարձել քաղաքի նկատմամբ, դարձել է փնթի և վայրագ»,- ասաց Արթուր Իսպիրյանը՝ կոչ անելով սիրել մեր քաղաքը:
Golden Palace-ի իրականացրած շինարարության հատվածում աղբի կուտակումներ էին, հասարակական զուգարան, գարշանք ու կեղտ, որտեղ մի քանի րոպե կանգնելն անգամ դառնում է անհնար: Իսկ ծառերն էլ չորանում են ոռոգման ջրի բացակայության պատճառով:









































