The Telegraph-ի հաղորդմամբ` Ճապոնիայում 94-ամյա տղամարդը կանխիկացրել է հուղարկավորության համար նախատեսված իր բոլոր խնայողությունները` համընդհանուր ընտրություններին մասնակցելու համար:
Պարբերականը նշում է, որ Ռեկիտի Կավասիման ամենատարեց թեկնածուն է երկրի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում, որոնք տեղի են ունենալու երկու օրից:
Թեկնածուն հայտարարել է, որ որոշել է զբաղվել քաղաքականությամբ` երիտասարդ սերնդին սխալներից պաշտպանելու համար:
Կավասիման կանխիկացրել է երեք միլիոն յեն և օգտագործել է դրանք որպես գրավ, որը թեկնածուները պետք է ներդնեն ընտրություններին մասնակցելու համար:
«Ես թոշակս հավաքում էի իմ հուղարկավորության համար: Միգուցե ի վիճակի չեմ հաղթել, բայց ցանկանում եմ արտահայտել իմ դիրքորոշումը»,- հայտարարել է Կավասիման:
Վիճակագրության համաձայն` Ճապոնիայի բնակչությունը համարվում է արագ ծերացող: Այժմ երկրի բնակչության 23%-ը 65 տարեկանից բարձր մարդիկ են: Գիտնականները նշում են, որ 50 տարվա ընթացքում այդ ցուցանիշը կհասնի 50%-ի:








































