«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններն օգտագործում են ԱԱԳ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի փաստաթղթերի տեղեկությունը՝ իմանալու համար սկզբունքները, որոնցով գործում է ԱՄՆ հետախուզությունը, և թաքնվել նրանից: Այս մասին գրում է Washington Times-ը՝ հղում անելով ԱԱԳ նախկին փոխտնօրեն Քրիս Ինգլիսին:
Ինգլիսի խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներն ակնհայտորեն օգտագործում են Սնոուդենի հրապարակած՝ լայն հասանելիություն ստացած գաղտնի փաստաթղթերը, և այդ տեղեկությունն օգտագործում են «ԱՄՆ հետախուզությունից խուսափելու համար»: Նրա կարծիքով՝ «իրենց տրամադրության տակ ունենալով գաղտնազերծված մեթոդները (հետախուզության)» և հասկանալով հատուկ ծառայությունների կողմից հետաքրքրությունը՝ զինյալները, «անշուշտ, անում են ամեն ինչ իրենց պաշտպանելու համար»:
Նրա տեսակետը կիսում է ԱՄՆ ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Մեթյու Օլսենը: «ԱԱԳ գողացված գաղտնի տվյալների բացահայտումից հետո ահաբեկիչները փոխում են հաղորդակիցության միջոցները՝ գաղտնալսումից խուսափելու համար: Նրանք անցնում են հաղորդակցության ավելի պաշտպանված հարթակների, տվյալների գաղտնագրում են կիրառում»,- ասել է նա:
Սնոուդենը 2013թ. հունիսին Washington Post ու Guardian թերթերին էր տրամադրել մի շարք գաղտնի նյութեր ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից համացանցում վերահսկման ծրագրերի վերաբերյալ:







































