ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 2012-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Աֆղանստանում մի քանի արյունալի իրադարձություններից հետո իր զինվորների համար հուշագիր է թողարկել: 75 էջանոց տեքստում, մասնավորապես, ասվում է, թե ինչպես պետք է ամերիկացի զինվորներն իրենց պահեն Աֆղանստանում տեղի բնակչության հետ շփվելիս:
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, համաձայն նոր հրահանգի` զինծառայողներին նախազգուշացվել է տեղի բնակչության հետ որևէ հակամարտության մեջ չներքաշվել, քանի որ դա կարող է ողբերգական հետևանք ունենալ երկու կողմի համար: Զինվորներին խորհուրդ չի տրվում քննարկել պատերազմը, կանանց իրավունքները, կրոնական հարցեր, «Թալիբան» շարժման որևէ գործողություն և սեռական փոքրամասնություններին վերաբերող ցանկացած հարց:
Բացի այդ, պաշտոնյաները կարևորում են զինվորների կողմից երկրի մշակույթի կարճատև կուրսին մասնակցելը: Հակառակ դեպքում նրանց կարող է «սոցիալ-մշակութային շոկ» սպառնալ՝ նշվում է տեքստում:
«Հակամարտությունների մեծ մասն առաջ է գալիս տեղի ավանդույթների և իսլամական մշակույթի վերաբերյալ գաղափար չունենալու, ոչ թե թալիբների հետ բախման հետևանքով»,- բացատրում են գերատեսչությունում:









































