ՆԱՏՕ-ն կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպմանը:
Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի նախագահի աշխատակազմի հաղորդագրությունը, Մարգվելաշվիլիի և Ռասմուսենի հանդիպումը տեղի է ունեցել Կարդիֆում՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ:
«Դաշինքը դրական է գնահատում Վրաստանի ջանքերը ՆԱՏՕ-ի ինտեգրման ճանապարհին. դա կնշվի գագաթաժողովում և կդառնա նոր խթան ինտեգրման համար»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինտեգրման ճանապարհին Վրաստանի համար առաջարկների փաթեթը: Ռասմուսենը նշել է, որ փաթեթը կյանքի կոչելու դեպքում Վրաստանը ավելի կմերձենա դաշինքի հետ:
Իր հերթին Մարգվելաշվիլին հույս է հայտնել, որ գագաթնաժողովի ավարտին Վրաստանի անվտանգությունն էլ ավելի կամրապնդվի:







































