«2014 թվականի սեպտեմբերի 3-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է զոհերով և վիրավորներով 2020 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 192 մարդ, վիրավորվել 2913-ը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն ավելացել է 221-ով, վիրավորներինը՝ 346-ով, իսկ զոհերի թիվը նվազել է 20-ով:
Արմեն Խաչատրյանը նաև նկատեց, որ ամբողջ աշխարհում նկատվում է ճանապարհատրանսպորտային պատահարների թվի ավելացում: Կոնկրետ Հայաստանում պատճառներից մեկը տրանսպորտային միջոցների ավելացումն է՝ տարեկան շուրջ 30 հազար:
Ըստ նրա՝ տեսախցիկների և արագաչափ սարքերի շնորհիվ է նաև, որ մահվան ելքով պատահարները նվազել են. վարորդներն ավելի զգոն են: Վերջինս տեսանկարահանող սարքերի համատեքստում մեջբերեց նաև Ֆրանսիայի օրինակը, ըստ որի՝ Ֆրանսիայում արագաչափ սարքերը սկսել են գործարկվել 2003 թվականից, և տասը տարի անց նրանց մոտ մահվան ելքով պատահարների թիվը 60 տոկոսով նվազել է, բացի այդ՝ տուգանքների ընդհանուր չափը կազմել է 535 հազար եվրո:
«Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ արդյոք Ֆրանսիայի հետ համեմատելիս հաշվի առնվո՞ւմ է այդ երկրի և մեր երկրի բնակչության վճարունակության մակարդակը, աշխատանքի, աշխատավարձերի հարցը: Վերջինս այդ հարցին ստույգ չպատասխանեց՝ միայն ասաց, որ տուգանքի չափը կախված է խախտման բնույթից:
Ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը իր հերթին նշեց, որ ոստիկանությունում յուրաքանչյուր ոլորտ ուսումնասիրության է ենթարկվում, և դրա համար հիմք են հանդիսանում ինչպես լրատվամիջոցների հրապարակումները, այնպես էլ քաղաքացիների դիմումները. «Մենք չենք ուզում, որ տարվա ընթացքում մի գյուղ մահանա, մեր գերխնդիրը մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազեցումն է»:
Ողջ ամռան ընթացքում «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը պահանջում էր և շարունակում է պահանջել վերացնել կարմիր գծերը, հինգ անգամ նվազեցնել տուգանքները, դադարեցնել բոլոր կարգի տուգանքները՝ մինչև նոր կարգի հաստատումը, և համաներել գրանցված տուգանքների վրա եկած տույժերը:
«Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց ոստիկանության ներկայացուցիչներից՝ արդյոք համաներում հնարավո՞ր է՝ հաշվի առնելով վարորդների պահանջները: Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Գեղամ Խաչատրյանը նշեց, որ մարտ ամսին աշխատանքային խմբեր էին ստեղծվել, կատարվել էին մի շարք փոփոխություններ, հուլիսին ուժի մեջ են մտել փոփոխությունները:
Ի դեպ, ըստ նրա՝ փոփոխությունները ակցիաներով պայմանավորված չեն եղել: Աշխատանքային խումբը քննարկել է նաև համաներման հարցը, բայց այն ճիշտ չի համարվել մի քանի պատճառներով. նախ՝ արդար չի լինի այն վարորդների նկատմամբ, ովքեր տուգանվել են և վճարել:
Բացի այդ, ոստիկանությունում ասացին, որ վարորդը մեքենա ձեռք բերելիս պիտի հաշվի առնի բոլոր ծախսերը, այդ թվում՝ տուգանքները. չտուգանվելու միակ ելքը խախտում չկատարելն է:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:







































