«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:
-Պարոն Գրիգորյան, սեպտեմբերի 4-5-ը Ուելսում տեղի կունենա Հյուսիսատլանտյան դաշինքի հերթական գագաթնաժողովը, որը կանցկացվի Արևելյան Եվրոպայում ուկրաինական ճգնաժամի պայմաններում: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ պետք է նշանավորվի այս գագաթնաժողովը տարածաշրջանի, ապա նաև՝ Հայաստանի համար:
-Տարածաշրջանի համար կարևոր է նախևառաջ Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում և Ռումինիայում նոր ռազմակայանների տեղակայումը, որին պետք է նախորդի ՆԱՏՕ-Ռուսաստան գործընկերության պաշտոնական դադարեցումը նոր ռազմակայանների վերաբերյալ առկա սահմանափակումներն անվավեր դարձնելու համար: Բացի այդ, առաջնահերթ հարցերից են Ուկրաինայում համատեղ զորավարժությունների անցկացումը` հետագա համագործակցության հեռանկարով և Վրաստանում ուսումնական կենտրոնի ստեղծմանն առնչվող խնդիրները:
Հայաստանի համար կարևոր է գագաթաժողովն օգտագործել որպես հարթակ, չնայած Ս. Սարգսյանի՝ դա անելու ունակությունը կասկածելի է` իր ռուսամետ գործողությունների պատճառով: Խիստ հավանական է, որ նա այս հնարավորությունն էլ կսպառի հերթական անգամ Եվրասիական միությանը Հայաստանի շահերից ելնելով անդամակցելու մասին հայտարարելու և Ռուսաստանին հավատարմության երդում տալու համար: Համենայն դեպս, քանի որ հրավիրված է նաև Ի. Ալիևը, և ըստ որոշ տեղեկությունների` նախատեսված է հանդիպում Սարգսյանի և Ալիևի միջև, պետք է դրանից չխուսափել և օգտվել հնարավորությունից Մինսկի խմբի դերը նսեմացնելու և ԼՂ հակամարտության կարգավորման միակ միջնորդը դառնալու Ռուսաստանի փորձերին խոչընդոտելու համար:
-Օրերս տեղեկություն էր տարածվել, որ Ուելսում ՆԱՏՕ-ի անդամ պետությունները հավանաբար չեն առաջարկի Վրաստանին ՆԱՏՕ-ի անդամակցության գործողության ծրագիր, որը կազմակերպությանն անդամակցելու նախնական փուլն է: Եթե հաշվի առնենք այն, որ զարգացման արևմտյան ուղին ընտրած Վրաստանը չի ստանում ՆԱՏՕ-ի անդամակցության գործողության ծրագիր, ապա ընդհանրապես ի՞նչ հույսեր կարելի է կապել ՆԱՏՕ-ի՝ որպես անվտանգության կառույցի հետ, և Դուք ինչո՞վ եք բացատրում արևմտյան կառույցների քաղաքական սնանկությունը Ռուսաստանի հարուցած մարտահրավերների առջև:
-Դեռևս 2008 թ. ապրիլին Բուխարեստում կայացած գագաթնաժողովում Վրաստանին անդամակցության գործողության ծրագիր չառաջարկելը նպաստեց Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ պատերազմ սկսելուն: Սակայն այժմ իրավիճակն այլ է. ՆԱՏՕ-ի համար առաջնային է Ուկրաինայի դեմ ռուսական բացահայտ ագրեսիայի պայմաններում արդյունավետ գործողությունների ծրագրի մշակումը: Իսկ դրա համար մասնավորապես պետք է ոչ միայն ռազմական օգնություն ցուցաբերելու խնդիրը լուծվի, այլև վերը նշածս ռազմակայանների խնդիրը, և առհասարակ` դաշինքի անդամ երկրների անվտանգությունն ապահովելու երաշխիքներ ստեղծվեն: Սա ոչ միայն Լեհաստանի և Բալթյան երկրների համար է կարևոր. սա ՆԱՏՕ-ի ընդհանուր արդյունավետության, վստահելիության և ապագա նշանակության խնդիրն է: Եթե նրա անդամների անվտանգության ապահովման արդյունավետ լուծումներ չառաջարկվեն` նոր հնարավոր կլինի խոսել արևմտյան կառույցների սնանկության մասին:
-Ի՞նչ կարելի է սպասել հոկտեմբերի 10-ին, երբ նախատեսվում է Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը՝ հաշվի առնելով Պուտին-Նազարբաև փոքրիկ տարաձայնություններն ու Նազարբաևի դիրքորոշումը Հայաստանի անդամակցության վերաբերյալ: Եթե հիշենք՝ Աստանայում քննարկվեց այդ հարցը, և Սերժ Սարգսյանն ասաց, որ Հայաստանը միանում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով և առանց Ղարաբաղի, բայց քննարկվում է մաքսակետի տեղակայման հարցը, որի վերաբերյալ գուցե ՀՀ իշխանություններն ունենան վերապահումներ: Հնարավո՞ր է, որ սա դառնա այդ խոչընդոտը անդամակցության ճանապարհին: Ի վերջո, Ռուսաստանի համար ևս Հայաստանի անդամակցության իմաստը կորել է:
-Ես չէի ասի, որ Ռուսաստանի համար Հայաստանի անդամակցության իմաստը կորել է, այլ կերպ կձևակերպեի. տնտեսական առումով Հայաստանի անդամակցությունը երբեք իմաստ չի ունեցել: Քաղաքական առումով խնդիրն այլ է. Հայաստանի անդամակցությունը Ռուսաստանին դեռևս պետք է` թե ներքին լսարանին հերթական «հաջողության» մասին հայտնելու և Վ. Պուտինի ռեյտինգը բարձր պահելու համար, թե Եվրասիական միությունում իր գերակայությունը պահպանելու համար:
Պետք է հստակ հասկանալ` ինչ կատարվեց մայիսի 29-ին: Իհարկե, կատարվածը նվաստացուցիչ էր Հայաստանի համար, քանի որ ԼՂՀ խնդիրն օգտագործվեց Ն. Նազարբաևի կողմից իր երկրի առջև ծառացած խնդիրը լուծելու համար, առավել ևս, որ դա արվեց Ս. Սարգսյանին ապտակելու նման գործելաոճով: Մեղավորը սակայն ինքը՝ Ս. Սարգսյանն է, Է. Նալբանդյանը և այլք, ովքեր ստորաքարշություն են անում Ռուսաստանի առջև, քանի որ դեռևս անցած տարվա հոկտեմբերին Մինսկում կայացած համաժողովում և դրանից հետո Բելառուսի և Ղազախստանի բարձրաստիճան ներկայացուցիչները բազմիցս հայտարարել էին, որ Հայաստանի անդամակցության հարցը պիտի լուծվի Ադրբեջանի դիրքորոշումը հաշվի առնելով: Եվ պետք է հասկանալ, որ Ն. Նազարբաևը, որը մշտապես պնդել է, որ Եվրասիական միությունը պետք է բացառապես տնտեսական միավորում լինի, դեմ գտնվեց Հայաստանի անդամակցության միջոցով Ռուսաստանի համար երկրորդ քվեն ապահովելուն, առավել ևս, որ ակնհայտ է Հայաստանի անդամակցության անիմաստությունը տնտեսական առումով: Այսինքն՝ կարելի է հուսալ, որ հոկտեմբերի 10-ին էլ Ղազախստանի, գուցե նաև Բելառուսի շնորհիվ Հայաստանի անդամակցությունը չի կայանա, բայց դա էլ բավարար լուծում չի լինի` քանի որ առանց անդամակցության էլ Հայաստանի գաղութացումն արագ տեմպերով է ընթանում:
Այն վտանգները, որոնցով հղի է Հայաստանի կախումը Ռուսաստանից, ակնհայտ են բոլորի համար` բացի ռուսական շահերին ծառայող հայ քաղաքական գործիչներից: Ու մինչ օրս իշխող վարչախումբը, շարունակելով Ռ. Քոչարյանի գիծը, ամեն կերպ քայքայել է Հայաստանի ինքնիշխանությունը` Ռուսաստանին հայկական հարցի վերջնական լուծման հնարավորություն տալու միտումով:









































