Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, երեկ լրատվամիջոցներին ասել է, որ առաջիկայում հավանաբար մի պաշտոն կստանա: Նա այդ մասին հարցին ի պատասխան ասել է, թե բա հո անաշխատանք չի մնալու երկար ժամանակ:
Լիսկան Սյունիքի մարզպետի պաշտոնից հասարակական ճնշման տակ հրաժարական տվեց իր տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպի արդյունքում, որի զոհ դարձավ Ավետիք Բուդաղյանը, իսկ գնդապետ Արտակ Բուդաղյանն էլ ծանր վիրավորվեց: Այդ սպանության մեջ մեղադրվող Լիսկայի որդին և թիկնապահը կարճ ժամանակով ձերբակալվեցին, իսկ հետո ազատ արձակվեցին, և գործը կարճվեց ինքնապաշտպանության հիմքով:
Բոլորովին վերջերս Լիսկան մեդալի արժանացավ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից: Մեդալը կա, մնում է պաշտոնը` երջանկությունը կամ ռեաբիլիտացիան լիարժեք դարձնելու համար: Պաշտոնն էլ չի ուշանա:
Ի վերջո` Հայաստանում քրեաօլիգարխիայի ռեաբիլիտացիայի մեծ պրոցես է սկսվել, և ինչով է պակաս Լիսկան Հովիկ Աբրահամյանից, Գագիկ Բեգլարյանից, մյուսներից, որ բոլորը պաշտոն ստանան, բոլորի հարազատ-բարեկամները, եղբայրները և փեսաները պաշտոն ստանան, իսկ ինքը մնա անպաշտոն: Նա ոչ մեկից պակաս չէ և ոչ մեկից ավելի մեղավոր էլ չէ որևէ բանի համար, նրա վաստակը իշխող համակարգին մատուցած ծառայությունների առումով ոչ մեկից պակաս չէ, և բնական է, որ ներիշխանական արդարությունը պահանջում է պաշտոն Լիսկային:
Ի վերջո` Հայաստանն անշեղորեն գնում է Մաքսային կամ Եվրասիական միություն, մի ճահիճ, որտեղ Հայաստանին հենց լիսկաներն են պետք, հենց նման պաշտոնյաներն են պետք: Եվրասիական միությունում որևէ այլ որակներ անելիք չունեն, այլ որակների կարիք չկա: Այդ միությունը հանդիսանալու է այսօրվա հայաստանյան իշխանական որակների բյուրեղացված տարբերակը, և Հայաստանում, բնականաբար, հենց նման պաշտոնյաներ են պետք, որոնք աչքի են ընկնում այն համակարգային կարևոր հատկանիշներով, ինչը պահանջվում է Եվրասիական միության անդամ երկրների խանական կամ բռնատիրական համակարգերի համար:
Այնպես որ` այստեղ նաև պետք է արձանագրել իրավիճակը ոչ միայն Լիսկայի, այսպես ասած, անձնական ռեաբիլիտացիայի կոնտեքստում, այլ Եվրասիական միությունում կյանքին Հայաստանի իշխանական համակարգի նախապատրաստության կոնտեքստում: Այդ կյանքը լիսկաներ է պահանջելու, ուրիշ ոչ մի բան, և ինչքան շատ` այնքան լավ: Այնպես որ` այստեղ, ըստ էության, արդեն գործ ունենք ոչ միայն Հայաստանի իշխանության հերթական ցինիզմի հետ,այլ ուղղակիորեն եվրասիական ստանդարտների անդրանիկ կիրառման:







































