Հայ ժողովուրդը մի ժամանակահատված է ապրում, երբ կարևոր գաղափարները մահացել են, և նոր գաղափարներ դեռ չեն ծնվել: Սա այն ժամանակն է, երբ հասարակությունը պետք է սկսի լուրջ վերաբերվել երկրի ներքաղաքական կյանքին, ժամանակն է խոսել այն մասին, թե ինչպես պետք է ՀՀ-ն դուրս բերել ճգնաժամից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ խոսելով ներքաղաքական զարգացումների և ստեղծված իրադրությունից դուրս գալու հասարակության հնարավորությունների մասին:
Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ Հայաստանում քաղաքական ավանդույթ է ձևավորվել՝ հասարակությունը քաղաքականության մեջ, նախագահական ընտրություններում առավելությունը տալիս է կերպարներին՝ ծրագրերի փոխարեն: Ըստ նրա՝ այսօր պետականության ճգնաժամից երկիրը դուրս բերելու համար լուրջ ծրագիր կարող է ձևավորվել միայն քաղաքացիական հատվածում: «Կուսակցությունների շրջանում երբևէ լուրջ ծրագրեր չեն եղել: Եթե գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, թեկնածու առաջադրեր, ես գաղափարական ծրագրային բովանդակություն չէի տեսնելու։ Կարծում եմ, որ հասարակության մեծամասնությունն էլ երբեք չի տեսել: Պարզապես խոսքը գնում էր կերպարների, ռեսուրսների, ավելին՝ ոչ օրինական ռեսուրսների մասին: Ընտրողների կամքի վրա ազդելու տարբեր եղանակներ են գործի դրվել, և հասարակությունն առ այօր այդպես է գնահատել նախագահի թեկնածուներին: Ով ընտրական իրավունքը խախտելու ավելի շատ ռեսուրս ունի, նա է ուժեղ, ով՝ քիչ՝ թույլ է: Սակայն այսօր հասարակությունը փոխվում է: Մենք մի ժամանակահատվածում ենք ապրում, երբ կարևոր գաղափարները մահանում են, և նոր գաղափարներ դեռ չեն ծնվել: Սա այն ժամանակն է, երբ հասարակությունը լուրջ է վերաբերվում կյանքին, ժամանակն է խոսել, որ ավելի կարևոր է ծրագիրը՝ ինչպես մեր երկիրը դուրս բերել ճգնաժամից»,- մեկնաբանեց Անդրիաս Ղուկասյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից մեկը պետք է որոշի առաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածու:
Քաղաքագետի գնահատմամբ՝ երկրի համար կարևորագույն պատմական իրադրություն է, երբ հասարակության համար անհատական վերաբերմունքից շատ բան է կախված: «Ես հեռանկար տեսնում եմ․ մինչև հունվարի չորսը դեռ ժամանակ կա, եթե քաղաքացիական հասարակությունում կան մարդիկ, ովքեր պատրաստ են այս հարցում իրենց դիրքորոշումը ցուցաբերել, իրենք այս ընթացքում պետք է ի հայտ գան: Իրադրությունը պետք է ամբողջալուծվի այդ երեք շաբաթվա ընթացքում։ Բոլորին պարզ է, որ եթե իշխող օլիգարխիայի ներկայացուցիչը առաջադրվում է, նա հաղթում է, այստեղ արդեն խնդիր է առաջանում՝ հասարակությու՞նն ինչ անի: Հասարակությունը պետք է համախմբվի որևէ ծրագրի շուրջ և փորձի հակադրվել բոլորին հայտնի սցենարին, երբ ամբողջ երկիրը սկսում է մասնակից դառնալ զանգվածային հանցագործության»,- ասաց Ա. Ղուկասյանը:
Պատասխանելով այն հարցին, որ եթե քաղաքացիական հասարակությունից որևէ մեկը չստանձնի քաղաքացիական հասարակությանը համախմբելու և գաղափարական պայքար սկսելու պատասխանատվությունը, որքա՞ն է շարունակվելու քաղաքական ապատիան, քաղաքագետն ասաց, որ քաղաքական ճգնաժամերը ստանում են իրենց հանգուցալուծումները, եթե նույնիսկ հասարակությունն ունակ չէ դա անելու: Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ դա կարող է անել բանակը կամ արտաքին դերակատարները: Նրա համոզմամբ՝ եթե երկրում իրավիճակ փոխելու ուղղությամբ հասարակությունն իր խոսքը չասի, այս մյուս ուժերն իրենց մասին զգացնել կտան ավելի կոշտ կերպով:







































