ԱՄՆ-ում անցած տարվա համեմատ եռակի ավելացել է բանկերի ու ֆինանսական ընկերությունների համակարգիչների վրա հարձակումների քանակը, գրում է Financial Times-ը:
Ինչպես հայտնում է պարբերականը, օգոստոսի կեսին զանգվածային հարձակումների են ենթարկվել ԱՄՆ խոշորագույն ֆինանսական ընկերությունները, ներառյալ ԱՄՆ-ում ակտիվների թվով խոշորագույն JPMorgan Chase & Co. (JPM) կոնգլոմերատը:
Ընդ որում՝ կիբեռհարձակումներից զերծ չեն մնացել նաև այնպիսի խոշորագույն ընկերություններ, ինչպիսիք են Goldman Sachs-ը, Morgan Stanley-ն, Bank of America-ն, Citigroup-ն ու Wells Fargo-ն:
«Հայտնի չէ հստակ, թե ով է հատկապես կանգնած եղել վերջին հարձակումների հետևում, ու թե կոնկրետ ինչ տվյալներ են հետաքրքրել ցանցահեններին: Այդուհանդերձ, ակնհայտ է, որ բանկերի կայքերը, հաշվիչ ավտոմատ համակարգերն ու աշխատավարձերի հաշվման համակարգերը ավելի հաճախ են դառնում ֆինանսական տրոյանների թիրախ, երբ վիրուսը թաքնվում է օրինական ծրագրային ապահովման տակ»,- գրում է FT-ն՝ հղում անելով Symantec կիբեռապահովության ընկերության ծառայությանը:









































