ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համարում են, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան պետք է քննարկեն Ռուսաստանի դեմ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությունը Ուկրաինայում տիրող իրավիճակի կապակցությամբ՝ հաղորդում է Սպիտակ տունը:
Օբամայի և Մերկելի հեռախոսազրույցը կայացել է հինգշաբթի:
«Առաջնորդները շատ են անհանգստացած՝ կապված Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ հաղորդագրություններով: Դեպքերի զարգացումը հաշվի առնելով՝ երկուսն էլ համաձայնել են, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պետք է քննարկեն Ռուսաստանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցների հարցը»,- նշվում է հաղորդագրությունում:
ԱՄՆ նախագահն ու Գերմանիայի կանցլերը նաև հաստատել են հակամարտության դիվանագիտական լուծում գտնելու պատրաստակամությունը:









































