«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Սիրիայի իրենց զավթած շրջաններում մշտապես հանրային մահապատիժներ են իրականացնում և ֆիզիկապես տանջում մարդկանց։ Այս մասին հաղորդում է France Press-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովի զեկույցը:
«Գրոհայինների վերահսկողության ներքո գտնվող շրջաններում ուրբաթ օրերին հրապարակներում մշտապես մահապատիժներ են տեղի ունենում, ինչպես նաև կտրվում են վերջույթները և կատարվում են գանահարություններ: Սպանվածների մարմինները մի քանի օր մնում են ի տես`սարսափ ներշնչելով տեղի բնակիչներին»,- ասվում է հանձնաժողովի 45-էջանոց զեկույցում:
Նշվում է, որ նման հաշվեհարդարները «սովորական տեսարաններ» են դարձել Ռաքա քաղաքում և Հալեպ գավառի որոշ շրջաններում: ՄԱԿ-ի դիտորդները խոսում են ակնհայտ ռազմական հանցագործությունների մասին, որոնք գրոհայիններն իրականացնում են Սիրիայում: Հատուկ հանձնաժողովի ներկայացուցիչ և նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային ատյանի նախկին դատախազ Կարլա դել Պոնտեն կոչ է արել այդ երկրում ռազմական հանցագործությունների մասին գործը փոխանցել Միջազգային քրեական դատարան:








































