«Մենք խորապես ցավում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելն ուղեկցվում է մարդկային զոհերով, մարդկանց մահերով, և՝ ոչ միայն զինված հակամարտությունների ժամանակ»: APA-ի տեղեկացմամբ՝ այս մասին ԼՂ հակամարտության վերաբերյալ լրագրողների հարցին պատասխանելով՝ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Լուկաշևիչը խորապես ցավակցել է զոհված հայերի և ադրբեջանցիների հարազատներին ու մտերիմներին՝ նշելով մարդկանց մահերի հետ կապված դեպքերի մանրամասն հետաքննություն անցկացնելու անհրաժեշտությունը:
«Կողմերին կոչ ենք անում գործնականում կիրառել Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների՝ 2010թ. հոկտեմբերի 27-ի համատեղ հայտարարության՝ զոհերի մարմինների փոխանակման մասին դրույթը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի աջակցությամբ»,- նշել է նա:







































